24.11.2024
Երևանը կարևորում է քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ և ԵՄ միջև. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական. ՀՀԿ

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Այս մասին ասված է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ.


«Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որեւէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու եւ ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:


Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլեւ պետականությունը քանդելու հերթական քայլն է:


Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարեւոր խնդիրներից շեղելու եւ իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:


Մենք, արձանագրելով վերոգրյալը եւ չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որեւէ ձեւով չմասնակցելու վերաբերյալ:


Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետեւանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման եւ տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաեւ թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկավի ապրիլի 5-ին: