25.11.2024
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորը
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Արցախի նախկին օմբուդսմենները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը և «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.


«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։


Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։


Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»։


Իրավապաշտպանները նաև կոչ են արել այլ իրավաբանների և իրավապաշտպանների միանալ իրենց հայռտարարությանը.


«Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կառույցներին առաջարկում ենք Հանրապետության նախագահին դիմել համանման կոչով», - ասված է հայտարարության մեջ։