Ադրբեջանական GONGO-ն որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին:
«Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ոչ կառավարական կազմակերպությունների (GONGO) գործունեությունը, ինչպիսի մտացածին անվամբ էլ նրանք ներկայանան, որևէ գործոն չի հանդիսանում խաղաղ գործընթացում, և ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում դրանց շփումները իրենց երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամների հետ։
Կրկնեմ, որ հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Սկսած 1992 թվականից Արցախի իշխանությունները ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների կարգավիճակով մասնակցել են խաղաղ գործընթացին:
ԼՂ իշխանությունները ՀՀ-ի և Ադրբեջանի հետ մեկտեղ ստորագրել են հրադադարի հաստատման կոչ պարունակող Բիշքեկի արձանագրությունը, իսկ նույն 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվել է եռակողմ բանակցային ձևաչափը, որը բխում է 1994թ.-ի եռակողմ՝ ԼՂ, Ադրբեջան և Հայաստան հրադադարի համաձայնագրից»,- ասված է Նաղդալյանի պատասխանի տեքստում: