Հովիկ Աբրահամյանի եղբոր գործը մուտք է եղել դատարան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը փետրվարի 6-ին մուտք է եղել դատարան։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելը։ Հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գևորգյանին, ում հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող Արարատի մարզի Մխչյան նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք։
Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, իսկ Ամբիկ Գևորգյանին՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։
Նշենք, որ գործը կքննի Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը։