Վարչապետի մոտ քննարկել են շահագործվող տրանսպորտի վիճակն ու ոլորտի այլ խնդիրներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Պատասխանատուները մանրամասն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերել են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին և այլն:
Քննարկման ընթացքում ներկայացվել են խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ և դիտարկումներ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Արդյունքում՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն են արժանացել ուղևորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս բնագավառում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչների ներդրումը և պատասխանատուներին հանձնարարել ուղևորափոխադրումների ոլորտում ներկայում առկա վիճակի շուրջ իրականացնել մանրամասն վերլուծություններ, քննարկված յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ ներկայացնել գործողությունների ճանապարհային քարտեզ՝ քայլերի հստակ ժամանակացույցով: