Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում խոսել է «Բջնի» գործարանի շուրջ ծավալվող գործընթացների մասին և պատասխանել Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը:
««Բջնի» գործարանի հետ կապված ես չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ ինչ-որ գործընթաց գնում է», - ասել է Սուքիսյանը, որի խոսքերը փոխանցում է ՀԺ-ն:
Դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ մեկ մլն դոլարով է վաճառելու գործարանը, այսինքն այնպես, որ ինքը չկարողանա գնել, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց. «Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները: Ես կարծում եմ՝ այդ գործարանը ոչ մեկի սեփականությունը չէ, թե ումն է, պետք է պետական մարմինները որոշեն: Դրա համար ես չեմ կարող պատասխանել մի մարդու, որն ասում է՝ ես պետք է վաճառեմ»:
Ինչ վերաբերում է Ռուբեն հայրապետյանի պնդմանը, որ ինքը օրինական ճանապարհով, աճուրդով է գնել գործարանը, Սուքիասյանն արձագանքեց. «Ես որքան գիտեմ, Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ են գնացել աճուրդի տեղը, դա մի հատ ճշտեք, Սերժ Սարգսյանը՝ սիգաերտը բերանը դրած․․․իրար հետ են գնացել»:
VERELQ-ը հիշեցնում է, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, որը պատկանում էր Սուքիասյանների ընտանիքին, 2009 թվականին կայացած կրկնաճուրդով գնել է գործարար, այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Կրկնաճուրդում «Բջնի»-ի մեկնարկային գինը սահմանվել էր 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ (շուրջ 14,5 միլիոն դոլար): Գնորդն առաջարկել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ: Գնային այլ առաջարկներ չեն ներկայացվել:
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի («Գռզո») ընտանիքին պատկանող գործարանը դադարեցրել է աշխատանքը 2008 թ. հոկտեմբերի 22-ից: Սուքիասյանը մարտի 1-ի անկարգություններին մասնակցելու առնչությամբ գտնվում էր հետախուզման մեջ, սակայն իշխանությունների զայրույթը նա առաջ էր բերել ընդդիմության թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար:
Իշխանությունները պնդում էին, թե «Բջնին» պետք է մոտ 13 միլիոն դոլար տուգանք վճարի, քանի որ գործարանի ջրի հաշվիչը սխալ տեղում է տեղադրված եղել: Սուքիասյանի կողմնակիցները հայտարարում են, որ այդ ամենը հետապնդումներ են իշխանությունների կողմից: