Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ) անդամ պետությունները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ազատ առևտրի գոտու և տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:
ՎՈւԱՄ-ը կատարում է սանիտարական կորդոնի դերակատարում ՌԴ-ի սահմանների երկայնքով ու այդ կազմակերպությունը սպասարկում է Արևմուտքի, ԱՄՆ-ի գեոպոլիտիկ շահերն՝ ունենալով, իհարկե, իր ներքին շահերը (էներգետիկա, տրանսպորտ, առևտուր), որոնք համընկնում են ՌԴ-ն զսպելու ամերիկյան գեոպոլիտիկ ռազմավարության հետ:
Կազմակերպությունը ցանկանում է ստեղծել սեփական ԵԱՏՄ-ն՝ ունենալով տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բաղադրիչներ ու այդ կերպ նաև որոշակի առումով բուֆերային գոտի հանդիսանալով ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև:
Ուկրաինան ցանկանում է նվազեցնել իր էներգետիկ, քաղաքական, տնտեսական կախվածությունը ՌԴ-ից ու այդ նպատակով ցանկանում է օգտվել կասպյան էներգակիրներից: Ադրբեջան-Վրաստան-Ուկրաինա էներգետիկ-տրանսպորտային միջանցքը շրջանցելու է ՌԴ-ն ու այդ կերպ նաև Արևմուտքը կօգտագործի այդ լոգիստիկան ՎՈւԱՄ անդամ-երկրների վրա՝ Մոսկվայի ազդեցության թուլացման նպատակով:
Ուկրաինան խոչընդոտներ է ստեղծում ռուսական գազը ԵՄ արտահանելու նպատակով, դրանով կատարելով ԱՄՆ-ի պատվերը: ՌԴ-ն ստիպված է կառուցել Թուրքական հոսքն ու Հյուսիսային հոսքը ուկրաինական տարածքը շրջանցելու և իր գազը եվրոպական շուկա հասցնելու համար:
Իր հերթին Ադրբեջանն, օգտագործելով Վրաստանի և Թուրքիայի տարածքն իր և Կենտրոնական Ասիայի նավթն ու գազը, շրջանցելով ՌԴ-ն, արտահանում է եվրոպական շուկաներ:
Այս պարագայում ՎՈւԱՄ-ը կատարում է հակառուսական պլացդարմի դերակատարում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ առումներով և այդ կազմակերպության նոր շունչ ստանալն ու ակտիվացումը բխում է Վաշինգտոնի շահերից:
ԱՄՆ-ն, հենվելեվ ՌԴ-ի սահմանակից այդ երկրների վրա, կարող է զսպել Մոսկվայի ազդեցության մեծացումը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Կասպից և Սև ծովերում:
ՎՈւԱՄ-ն այն էներգետիկ-տրանսպորտային միջանքն է, որը թույլ է տալիս Արևմուտքին ստեղծել ՌԴ-ն շրջանցող այլընտրանքային էներգետիկ լոգիստիկա՝ ելք ունենալով կասպյան էներգակիրների վրա: Այդ երկրները չեն անդամակցում ԵԱՏՄ-ին ու այդ կերպ նաև այլընտրանքային համագործակցության ֆորմատ են ստեղծել հետխորհրդային տարածքում, որտեղ ներկա չի լինի ՌԴ-ն: