Հայաստանում աղքատության մակարդակը 2018 թվականին նվազել է
Հայաստանում աղքատության մակարդակը 2018 թվականին կազմել է 23,5 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով աղքատության մակարդակի նվազում 2,2 տոկոսով: Այս մասին հայտնեց ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում աղքատ է 700 հազար մարդ։ Նրանց ամսական ծախսը կազմում է ամենաշատը 42 հազար դրամ։ Ծայրահեղ աղքատները 30 հազար են՝ նրանք ամսական ծախսում են 24 հազար դրամ։
Այլ կերպ ասած, Հայաստանում աղքատ է ամեն չորրորդը, աղքատության մակարդակով առաջատարը դարձյալ Շիրակի մարզն է:
Մարտիրոսովայի խոսքով, բնակչության խավերի միջև բևեռացումը խորացել է, դա նշանակում է, որ աղքատները շարունակել են աղքատանալ, հարուստները՝ հարստանալ։ Պաշտոնյայի խոսքով, Հայաստանում աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է 63,2 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,1 տոկոս կազմող գումար: Իսկ ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել մեկ միլիարդ դրամով: