24.11.2024
«РусГидро»-ն Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը վաճառել է «Տաշիր»-ին
prev Նախորդ նորություն

Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման գործընթացը՝ դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ:


Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթևեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին:

Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է կայարանի նոր շենք, վերականգնվել ԷԿՀ-ն, տեղադրվել անհրաժեշտ սարքավորումներ, գազաֆիկացվել կառույցներ: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է ավելի քան 60 մլն դրամ:

4-րդ դասի բեռնատար միջանկյալ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է ավելի քան 360 գնացք, բեռնաթափման տարեկան ծավալը կազմում է 4000 տոննա: Կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:

Սա արդեն երրորդ կայարանն է, որտեղ 2017 թվականից վերականգնվել կամ վերակառուցվել են ԷԿՀ հենակետները: 2017-ին նման ծրագիրն ավարտվել է «Կարմիր Բլուր» կայարանում (արժեքը՝ 57,5 մլն դրամ), 2018-ին՝ «Զոդ» կայարանում (արժեքը՝ 52 մլն դրամ): Բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես սեփական ուժերով, ինչը փաստում է Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների բարձր որակավորումը: Տարեկան երկաթուղին տարբեր ոլորտների մասնագետների ուսուցմանն ուղղում է 40 – 50 մլն դրամ:

ՀԿԵ-ի գործունեության ընթացքում Հայաստանի երկաթուղում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 9 հենակետ: 2008 թվականից ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի սարքավորումների արդիականացմանը Հարավկովկասյան երկաթուղին ուղղել է ավելի քան 3,5 մլրդ դրամ:

Երկաթուղային ենթակառուցվածքի և օբյեկտների վերակառուցումը, երկաթուղային ձեռնարկությունների վերականգնումը, գծային տնտեսության արդիականացումը և անվտանգության մակարդակի կատարելագործումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատանքի առաջնահերթություններից են: 2008 թվականից վերականգնվել են Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոները, վերանորոգվել և վերակառուցվել են 55 խոշոր արհեստական կառույցներ, 482 կմ գիծ, 54 գծանց, խոշոր կայարանները, այդ թվում ուղևորատար համակարգի 48 շենք և շինություն, կայարանային համակարգի 70 շենք և շինություն:

Ընկերությունից հիշեցնում են, որ 2008 - 2019 թթ. Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմել են 120 մլրդ դրամ:

«ՀԿԵ» ՓԲԸ - ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ - ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: