Հաջորդ տարի ջրի սակագինը չի բարձրանա, էլէներգիայինը՝ կամ այո, կամ՝ ոչ. ՀԾԿՀ նախագահ
2020-ին ջրի սակագնի էժանացում կլինի, բայց բաժանորդները չեն զգա դա, էլեկտրաէներգիայի գինը մի քանի գործոններից է կախված: Այս մասին նոյեմբերի 20-ի նիստից հետո ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հայտնում է Shantnews-ը:
ՀԾԿՀ նախագահը նշել է, որ 2019 թվականի համար գործում է ջրի մեկ խորանարդ մետրի համար 191,4 դրամ սակագին, սակայն դրա 11,4 դրամը սուբսիդավորում է պետությունը, այսինքն` բաժանորդները, ի վերջո, վճարում են 180 դրամ։ Նոյեմբերի 20-ին ընդունված որոշումով, ըստ Բաղրամյանի, գինը սահմանվում է հենց 180 դրամ, և պետությունն այլևս չի սուբսիդավորում վճարումները։ Արդյունքում` բաժանորդները 2020 թվականին կշարունակեն վճարել նույն գինը, սակայն պետությունն այլևս ստիպված չի լինի սուբսիդիաներ վճարել, իսկ գումարները կմնան բյուջեում։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ Բաղրամյանը նշել է, որ այն հաջորդ տարի կարող է բարձրանալ, բայց կարող է նաև պահպանվել նույն մակարդակում: ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ ներկայում հաշվարկվում է, թե հաջորդ տարի նորոգման համար որքան ժամանակով է դադարեցվելու Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։
Բաղրամյանը նշել է, որ հետևանքները ներառվելու են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ՝ բարձրացնելով այն։ Սակագնի վրա ազդող մեկ այլ գործոն է նաև հունվարից ատոմակայանի արդիականացման համար վերցված վարկի մարման մեկնարկը։ Նշվում է, որ պաշտոնյան չի ասել՝ հնարավոր է թանկացում, թե՝ ոչ՝ հավելելով, որ կան նաև գործոններ, որոնք հնարավորություն են տալու պահպանել նույն գինը: