Հայաստանում հնարավոր կդառնա դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը. նախարար
Հայաստանում նախատեսում են երկու-երեք տարվա ընթացքում հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինարի շրջանակում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ դա զուտ մարդասիրական քայլ է:
«Բազմաթիվ ենթակառուցվածքներ են պետք դիակային դոնորներից փոխպատվաստման համար՝ սկսած բժշկական կենտրոններից, վերջացրած իրավական, էլեկտրոնային համակարգերից: Մտադրությունը միանշանակ ուժի մեջ է, և պետք է դա անենք, քանի որ դրանով փրկելու ենք շատ վատ կյանքի որակ ունեցող մարդկանց կյանքեր»,- ասել է նախարարը Թորոսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը հիմնականում քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող, հեմոդիալեզ ստացող անձանց մասին է:
Նախևառաջ խոսքը երիկամի փոխպատվաստոման մասին, իսկ հետագայում կփորձեն գալ նաև լյարդի, սրտի, թոքի փոխպատվաստման:
«Երիկամների փոխպատվաստումը կենդանի դոնորներից այս տարի շատ ակտիվացել է: 2019 թվականին մոտ երկու անգամ ավելի շատ փոխպատվաստում է արվել, քան նախկինում, և այդ ամենը մասամբ իրականացվել է պետության հաշվին։ Պետությունն ամեն փոխպատվաստման համար 2.5 մլն դրամ գումար է հատկացնում»,- ասաց Արսեն Թորոսյանը: