25.11.2024
Քոչարյանի գործով դատի ժամանակ հավաքի մասնակցին ծեծելու դեպքով մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Դատապարտելի է. մի շարք ՀԿ-ների հայտարարությունը «Հայելի» մամուլի ակումբում միջադեպի մասին

Մի շարք լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2019թ․հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.


«2019թ․ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող Hayeli.am կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։ Ըստ երիտասարդների՝ այս քայլի դրդապատճառը Hayeli.am-ում հրապարակված` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածն է (հետագայում հուժկու բառը փոխարինվել է չակերտավորված «ուժգին»-ով)։


Զերծ մնալով նշված հրապարակման վերնագրի մասնագիտական գնահատականից՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այն կարծիք է, դատողություն, որի արտահայտման իրավունքը ժողովրդավարական հասարակությունում ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ նրանից, դա ոմանց դուր է գալիս, թե ոչ։ Հետևաբար՝ անընդունելի և դատապարտելի են այն քայլերը, որոնք կարող են ճնշել կամ ոտնահարել այդ իրավունքը։


Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ ԶԼՄ-ների բևեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախևառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները և այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով։


Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք.


Իշխանություններից և ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հանդես գալ հայտարարություններով և կոչ անել իրենց աջակիցներին ու համակիրներին՝ զսպվածություն ու հանդուրժողականություն ցուցաբերել այլ կարծիքներ և տեսակետներ արտահայտողների նկատմամբ,
Իրավապահ մարմիններից՝ քննության առնել Hayeli.am-ի խմբագրության տարածքում տեղի ունեցած միջադեպը և հիմքերի առկայության դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ,
Տարբեր քաղաքական ճամբարների շահերը սպասարկող ԶԼՄ-ներից՝ վերադառնալ պրոֆեսիոնալ դաշտ. հրաժարվել մանիպուլյացիաներից, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել լրագրողական էթիկայի նորմերին, հարգել ու ներկայացնել հասարակության մեջ առկա կարծիքների բազմազանությունը:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ


ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ


ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ


ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ


ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ


ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ


«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ


ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ


«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»: