Իջևանի քաղաքապետը հրաժարական տվեց
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը հաստատել է Տավուշի մարզպետ Հայկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, օգոստոսի վերջ հայտնի դարձավ, որ Վարդան Ղալումյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011թ-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ թույլատրել է նրան 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ և չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017 թվականին տեղափոխվել է Երևան քաղաք:
Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով և աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջևանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը՝ Իջևանի համայնքապետարանին պատճառելով էական վնաս:
Նշենք, որ 2011 թվականին Իջևան համայնքի ղեկավար էր ընտրվել ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը: