Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը
Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Ըստ այդմ, մեղադրյալ Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը, գրում է Ազատությունը։
Բացի այս դիմումից, երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում ևս մի քանի դիմում կա։ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։
Իր լիազորությունները կասեցվելուց առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ խնդրելով ստուգել Քոչարյանին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Գրիգորյանը նաև խնդրել էր ստուգել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել քննության առնել 300.1 հոդվածի մասով երկու դիմումները և միավորել դրանք մեկ վարույթում։ Հետո արդեն բարձր դատարանը որոշում էր կայացրել կասեցնել այս գործի քննությունն ու այն ուղարկել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տրամադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է մեկ ամիս առաջ մեկ այլ քրեական գործով լիազորությունները կասեցված դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մյուս հարցին՝ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, ապա բարձր դատարանը մերժել էր այն քննել։ Սահմանադրական դատարանի անդամի Ալվինա Գյուլումյանն այդ ժամանակ «Ազատությանն» ասել էր, որ բարձր դատարանը մերժել է նախագահի անձեռնմխելիության հարցի քննությունը, քանի որ, իրենք չունեն առանձին լիազորություն՝ մեկնաբանելու սահմանադրական նորմը, դա կարող են անել, եթե վիճարկվող հարցը արտահայտված լինի օրենքի համապատասխան նորմում։ Տվյալ դեպքում նախագահի անձեռմխելիության մասին նշված է միայն մայր օրենքում, Քրեական օրենսգրքում նման դրույթ չկա։