25.11.2024
ՄԻՊ-ը դատավոր Գրիգորյանի գործով կդիմի ԲԴԽ, պարզաբանում կպահանջի դատախազությունից ու ՀՔԾ-ից
prev Նախորդ նորություն

Գործադիրը սահմանեց մարտի 1-ի դեպքերի տուժածներին աջակցության չափը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծին:


Որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա շատ կարեւոր որոշում է, որն ունի բազմաթիվ նրբերանգներ: Նա նաև ընդգծեց, որ այս որոշմամբ սահմանված չափերը որեւէ ձեւով չեն նշանակում փոխհատուցում.


«Սրանով, կներեք կոպիտ ձեւակերպմանս համար, Հայաստան քաղաքացու կյանքի գին չի որոշվում, այլ ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն: Հիմնվելով ՄԻԵԴ Հայաստանի կապակցությամբ կայացված մի շարք նախադեպային որոշումների վրա, մենք կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար: Իմ պատկերացումն այն է, որ այս հարցերը վերջնական լուծում պետք է ստանան ՄԻԵԴ-ում՝ փոխհատուցման հարցը եւ չափը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք: Այսինքն, այս որոշմամբ մենք չենք փոխհատուցում, մենք աջակցություն ենք տրամադրում տուժած քաղաքացիներին: Փոխհատուցումը այլ հարթության հարց է եւ պետք է մի փոքր այլ ընթացակարգերով որոշվի, չնայած նաեւ մեծ հաշվով, զուտ պետական բյուջեի հնարավոր ծախսերի առումով նաեւ հնարավոր է, որ այս աջակցությունը ինչ-որ ձեւով նաեւ հետագայում հաշվառվի այդ հնարավոր փոխհատուցման հաշվարկի տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը:


Նշենք, որ նախագծով հետապնդվող նպատակն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման գործընթացի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային կանոնակարգումների ներդրումն է: Մասնավորապես, առաջարկվում են ներքոշարադրյալ կարգավորումները.


- սահմանվում է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,


- որպես աջակցության տրամադրման համար դիմումը քննարկող լիազոր մարմին՝ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությունը,


- ամրագրվում է, որ ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ՝ լիազոր մարմինը կայացնում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը՝ բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն կամ մերժել դիմումը կամ կասեցնել դիմումի քննարկումը: Ընդորում՝ շեշտվում է, որ դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը,


- որպես աջակցության ձև՝ սահմանվում է դրամական օգնությունը՝ հետևյալ չափերով.


. ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,


. առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ,


. առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ: