Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը եւ Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր եւ գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման եւ խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմնի օրենքով չնախատեսված գործողությունների արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների հրապարակային հայտարարություններն այս հարցերի առնչությամբ, ինչպես նաեւ նրա վերաբերյալ քրեական վարույթի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական հաղորդագրությունները: Ի գիտություն է ընդունվել Դավիթ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ փաստաբաններ Գեորգի Մելիքյանի եւ Երվանդ Վարոսյանի բարձրացրած հարցերը քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից համակարգային նշանակության են, պարունակում են մյուս գործերով առգրավմանն ու խուզարկությանն առնչվող իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց զարգացման վտանգներ եւ կարող են առաջացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող հետեւանքներ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային դարձնել դրանց առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը:
Դրանք հիմնված են ինչպես Պաշտպանի քննարկմանը ներկայացված բողոքների ու վարույթային փաստաթղթերի, այնպես էլ ՀՀ օրենսդրության ու վերաբերելի միջազգային չափանիշների համադրված ուսումնասիրության վրա: Ընդ որում, կոնկրետ գործով հարցերն առավել ուշադրության արժանի են, քանի որ բարձրացված են եւ վիճարկվում են պաշտպանության հատուկ երաշխիքներ ունեցող անձի՝ դատավորի վերաբերյալ գործով:
Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ հատուկ արձանագրում է, որ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու կոնկրետ դատական ակտի եւ այն հարցերին, որոնք դատական վիճարկման առարկա են ու գտնվում են կոնկրետ գործով դատարանի լիազորությունների տիրույթում: Բոլոր հարցերին անդրադարձերը կատարված են բացառապես Պաշտպանի իրավասության տեսանկյունից:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետեւյալ հարցերին.
Նախաքննության մարմնի կողմից առգրավմանը կամ խուզարկությանը այն անձի եւ նրա փաստաբանի մասնակցությունը (ներկայությունը) չթույլատրելը, ում աշխատասենյակում կատարվում է քննչական գործողությունը եւ ով անմիջականորեն հանդիսանում է այդ աշխատասենյակում առկա գույքի տիրապետողը կամ տնօրինողը:
Կոնկրետ իրավիճակում քննիչը դատավոր Դավիթ Գրիգորյանին չի թույլատրել ներկա լինել կամ մասնակցել վերջինիս աշխատասենյակում կատարվող առգրավմանը: Փոխարենը՝ քննիչն առգրավմանը մասնակից է դարձրել դատարանի աշխատակցի, ով այդ աշխատասենյակի հետ առնչություն չունի: Ընդ որում, քննիչը Դ.Գրիգորյանի մասնակցությունն իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը քննչական գործողությանը նախատեսված չէ:
Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectationofprivacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը եւ ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը, անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից:
Դա ապահովելու անմիջական պարտականություն կրում է քննչական գործողությունը կատարողը, եթե իհարկե հնարավոր չէ դա օբյեկտիվ պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքը հատուկ պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող գործողության մասին է:
Նշվածից բացի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է փաստաբան Գ.Մելիքյանը, քանի որ խոսքը վերաբերում է առգրավմանը, ապա հենց առգրավման պարագայում է իր վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել առանցքային:
Հարցն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը ներկայացնելուց եւ հրապարակելուց հետո է քննիչն առաջարկում կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները եւ փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Միայն առգրավման ենթակա առարկաները առգրավման մասին որոշման մեջ նշված տեղում չհայտնաբերելու դեպքում է հնարավոր կատարել խուզարկություն:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղին է համարում փաստաբանի պնդումն այն մասին, որ քննիչին անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության մասին ստույգ տեղեկությունների կարող էր տիրապետել միայն այն անձը, ում հատկացված է համապատասխան աշխատասենյակը կամ ով զբաղեցնում է աշխատասենյակը: Այդ անձն է հաստատապես տիրապետում առգրավման ենթակա առարկաների ու դրանց գտնվելու կոնկրետ տեղի մասին տվյալների: Ըստ փաստաբանի՝ այդ առաջարկը պետք է արվեր ու հնարավորությունը տրվեր իր վստահորդին:
Միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն առավել խիստ պահանջներ է ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն է, որ խուզարկությունն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին եւ կարող է պարունակել նաեւ քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է եւ ով ունի մասնավորության ակնկալիք (expectationofprivacy) այդ աշխատասենյակի նկատմամբ:
Կոնկրետ գործով քննիչը չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա նախատեսված չէ, չնայած փաստաբանի համապատասխան միջնորդությանը եւ նրան, որ Դ.Գրիգորյանն ինքն է խնդրել թույլ տալ իր փաստաբանի մասնակցությունն իր իսկ աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման մարմնի նման գործողություններն անթույլատրելի են եւ կոպտորեն խախտում են իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը նշել է նաեւ, որ որոշ ժամանակով չի թույլատրվել նաեւԴ.Գրիգորյանի մասնակցությունը խուզարկությանը:
Սույն գործով պետք է նկատի ունենալ նաեւ, որ վերը նկարագրվածից բացի, Հայաստանի օրենսդրությունը նախատեսել է դատավորի՝ իբրեւպաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի առանձին երաշխիքներ: Դրանք իրենց հերթին պայմանավորված են դատավորի աշխատանքի ու դատական իշխանության հեղինակության երաշխավորմանկարեւորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու դատավորին իրազեկում եւ այլն): Ուսումնասիրությունը վկայում է այս երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների մասին:
Ընդհանրական ձեւակերպումները խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդության ու այդ միջնորդության կապակցությամբ դատարանի կայացրած որոշման մեջ, խուզարկությունը դատարանի թույլատրած տարածքում, ինչպես նաեւխուզարկությամբ որոնվող առարկաների կապը քրեական վարույթի հետ:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաեւ հարց այն մասին, որ նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը եւ այդ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում են ընդհանրական, վերացական բնույթի ձեւակերպումներ: Ըստ փաստաբանների՝ դա հանգեցրել է նրան, որ քննիչը, օգտվելով այդ ձեւակերպումներից, դատավորի աշխատասենյակից առգրավել է նաեւ այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր, որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի հետ: Ըստ փաստաբանի՝ խուզարկության համար դատարանի որոշման մեջ նշված կոնկրետ տարածքից բացի քննիչը խուզարկություն է կատարել նաեւ այնպիսի տարածքում, որը դատարանի որոշման մեջ նշված չէ:
Նախ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է, որ առգրավումը եւխուզարկությունը քրեական վարույթի ընթացքում հանրային իրավաչափ շահերի պաշտպանության համար կարեւոր նշանակություն ունեցող քննչական գործողություններ են: Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը եւխուզարկությունը ցանկացած պարագայում մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական հետապնդման տարրեր:
Ուստի, քննչական այս գործողությունների ու հատկապես խուզարկության պարագայում կարեւորագույն նշանակություն ունի այն, թե որոշակիության ինչ աստիճան ունեն քննիչի միջնորդության ու առավել եւսխուզարկությունը թույլատրող դատարանի որոշման մեջ առկա ձեւակերպումները: Կոնկրետ դեպքում, ինչպես վկայում է փաստաբանի բողոքն ու դատական ակտի ուսումնասիրությունը, դատավորի եւ նրա օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել «(…) քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային կրիչներեւ փաստաթղթեր, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ իրեր հայտնաբերելու եւ վերցնելու համար» ընդհանրական ձեւակերպումը:
Իրականում, դատական ակտի ձեւակերպումները պետք է լինեն կոնկրետ (այդպիսին պետք է լինի նաեւ քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն եւ կանխորոշեն քննիչի գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է եւ չի ծառայում իր նպատակին՝ իրական երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ:
Ձեւակերպումների կոնկրետության պահանջը վերաբերում է ոչ միայն որոնվող առարկաներին կամ փաստաթղթերին, այլ նաեւ այն կոնկրետ տարածքին, որի խուզարկության համար տրվել է դատարանի թույլտվությունը: Այս կանոնից ցանկացած շեղում պետք է համարել անթույլատրելի: Դավիթ Գրիգորյանի գործով դատարանի որոշմամբ քննիչի համար խուզարկության թույլատրվող տարածք են սահմանվել միայն դատավորի եւ նրա օգնականի աշխատասենյակները: Այս մասին է վկայում նաեւ դատական ակտի ուսումնասիրությունը: Սակայն փաստաբանը Պաշտպանին ներկայացված բողոքի հիմնավորմամբ նշել է, որ քննիչը դուրս է եկել դատարանի որոշման մեջ նշված տարածքի շրջանակից եւ խուզարկել է նաեւգործավարի ու դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակները, որոնք դատավորի կամ նրա օգնականի աշխատասենյակները չեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ առգրավում եւ խուզարկություն թույլատրող որոշման ընդհանրական ձեւակերպումներըեւ այդ որոշմամբ չնախատեսված տարածքի խուզարկությունը խախտում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը եւ նրան թույլ չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ բողոքի՝ քննիչը դա արել է այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ ինքն անհնարին է դարձնում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաեւ ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար:
Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ պետք է ապահովել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Սա միջազգային իրավաբանությունից բխող կանոն է: Ուստի, քննիչի գործողությունը մտահոգիչ է:
Այս հարցի հետ կապված՝ Պաշտպանը ողջունում է Բարձրագույն դատական խորհրդի արձանագրումն այն մասին, որ «...քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ», ինչպես նաեւկարեւոր է համարում խորհրդի ձեռնարկած միջոցները դատավորի անկախության ապահովման ուղղությամբ:
Այսպիսով, վերը նկարագրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն գործով իր իրավասության սահմաններում ձեռնարկել հետեւյալ միջոցները՝
դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա եւ առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում.
առաջադրել կոնկրետ հարցադրումներ եւ դրանց առնչությամբ պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող մասերով, ինչպես նաեւ ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ:
Սույն հայտարարության մեջ նշված հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: