Միջադեպ Արցախում. եղբայրներով չեն ենթարկվել ոստիկանին, իսկ հետո ծեծել են նրան
Արցախի ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը, ս.թ.հուլիսի 26-ին ժամը 20:00-ին Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել է Բերձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Ս. Բ.-ի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին փորձել է շարունակել երթեւեկությունը, իսկ կանգնեցնելուց հետո պարզվել է, որ Ս. Բ-ն վարորդական իրավունքի վկայական չունի: Ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս վերջինս խոչնդոտել ու վիճաբանության մեջ է մտել ոստիկանի հետ, որի ընթացքում Ս.Բ-ն եւ այնտեղ ներկայացած նրա եղբայր՝ 20-ամյա Ջ. Ծ-ն հարվածներ են հասցրել ոստիկանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ս. Բ-ն եւ Ջ. Ծ-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
Հարգելի քաղաքացիներ.
Հիշեցնում ենք, ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի մասին, ըստ որի օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանել իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքում՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։