ԵԱՏՄ-ն դեռ պատրաստ չէ Չինաստանի հետ առեւտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը
Եվրասիական տնտեսական միության երկրները դեռեւս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռեւս պատրաստ չէ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները: Իսկ նախքան նման բանակցություններ մեկնարկելը, պետք է վերլուծել այդ քայլի հնարավոր հետեւանքները:
«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունը բնավ միատարր չէ, ուստի պահանջվում է գնահատել օգուտներն ու ռիսկերը անդամ պետություններից յուրաքանչյուրի համար: Ընդ որում՝ սեկտորների ու ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում նաև կոնկրետ ապրանքների կտրվածքով»,- ասել է Նիկիշինան:
Պաշտոնյան նաև հիշեցրել Է, որ 2018թ-ի մայիսին ԵԱՏՄ-ն և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին: Չինաստանն արդեն վավերացրել է այդ համաձայնագիրը, իսկ ԵՏՀ-ն և ԵԱՏՄ-ի անդամ պետություններն ավարտում են անհրաժեշտ ընթացակարգերը:
«Այդ կապակցությամբ ենթադրում ենք, որ ամենամոտ ժամանակներս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի: Այն չի նախատեսում մաքսատուրքերի նվազեցում կամ ծառայությունների ու պետական գնումների շուկաների բացում, բայց այն թույլ է տալիս էականորեն նվազեցնել առեւտրում առկա խոչընդոտները, քանի որ դրանց մեծ մասը դրսեւորվում է ոչ թե մաքսատուրքերում, այլ հավաստագրման, տեխնիկական կարգավորման ոլորտում և վարչական այլ ընթացակարգերում», - հավելել է նա: