ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը. ԱԳՆ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 5–ին Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում հանդիպել է Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային:
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու ոլորտային համագործակցություն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար: Այս համատեքստում կարևորվեց Հայաստանի և Ռուանդայի միջև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Ներկայացնելով թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրպանդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը:
Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Զրուցակիցները շեշտել են այս հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը:
Դոնատիլ Մուկաբալիսան ողջունել է և բարձր գնահատել Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: