Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) հաստատել է իր սկզբունքային անհամաձայնությունը Մադրիդյան սկզբունքներին՝ խորապես սխալ եւ հապճեպ արված ասիմետրիկ առաջարկություն, որն առաջ է քաշել ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի կարգավճակի եւ անվտանգության վերաբերյալ։ Այս մասին ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ կազմակերպությունն աջակցում է բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ որպես կառուցողական հարթակ բանակցությունների շարունակման համար, բայց մերժում է առկա առաջարկությունը՝ որպես խորապես սխալ եւ վերջնարդյունքում՝ հակաարդյունավետ պլան, որը հետ է մղում խաղաղության գործը եւ բարձրացնում պատերազմի վերսկսման վտանգի հարցը։
«Մադրիդյան սկզբունքները խորապես ասիմետրիկ, նախնական, ռազմավարական եւ Արցախի հողերի ու անվտանգության անվերադարձ զիջումներ պահանջող սկզբունքներ են՝ Ադրբեջանի կողմից կարգավիճակի վերաբերյալ միայն անորոշ, ժամկետանց խոստումների դիմաց։ Մադրիդյան սկզբունքների փուլայնությունը պատասխանատվություն է դնում Արցախի վրա եւ ամբողջ շահավետությունը տրամադրում է Ադրբեջանին։ Այդ ոչ կոռեկտ բանաձեւը խաղաղության չի հանգեցնի, այլ, ամենայն հավանականությամբ, պայմաններ կստեղծի հակամարտության շարունակման եւ տարածաշրջանային անկայունության համար:
Ադրբեջանը վերջին 25 տարիներին հետեւողականորեն խախտել է Հայաստանի եւ Արցախի հետ 1994 թվականի հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի իր պարտավորությունները՝ հարցականի տակ դնելով, թե արդյոք ներկա կամ ապագա ղեկավարությունը գործնականում կհետեւի Բաքվի պարտավորություններին՝ Մադրիդյան համաձայնագրի վրա հիմնված խաղաղության պլանի շրջանակում։ Մադրիդյան սկզբունքները հակասում են դեմոկրատական ինքնորոշման հավատին։ Դեմոկրատական եւ այլ կարգավորումը պետք է հիմնվի ազատ քաղաքացիների՝ իրենց ընտրությամբ որ կառավարության կառավարմամբ ապրելու իրավունքի վրա։ Մադրիդյան սկզբունքները չեն վերաբերում եւ անգամ չեն ընդունում Ադրբեջանի կողմից Արծվաշենի (Հայաստանի Հանրապետություն) եւ ողջ Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու (Արցախի Հանրապետություն) օկուպացիան։
Ընդգծվում է, որ չկա որեւէ հիմք ենթադրելու, թե Արցախի կողմից իր ինքնիշխան տարածքի հանձնումը որեւէ կերպ Արցախն ավելի անվտանգ կդարձնի, իսկ Ադրբեջանը՝ պակաս ագրեսիվ, որ դրան կհետեւի Ադրբեջանի հրաժարումը Արցախի հանդեպ հավակնություններից եւ որ միջազգային խաղաղարարները փաստորեն կկանխեն կամ նույնիսկ կխոչընդոտեն Ադրբեջանի նոր գրոհներին։
Կոչ ենք անում ԱՄՆ-ին շարունակել առաջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Կոչ ենք անում կողմերին՝ հետաձգել չկայացած Մադրիդյան սկզբունքները եւ հրաժարվել հակամարտության լուծման այդ խորապես սխալ փուլային եւ ասիմետրիկ մոտեցումից, մշակել նոր մոտեցում՝ հիմնված դեմոկրատիայի եւ ինքնորոշման վրա, որը կլուծի կարգավիճակի եւ անվտանգության հարցերը Արցախի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ, կամ Հայաստանի հետ միավորման հարցը՝ պահանջելով Արցախի Հանրապետության մասնակցության լիակատար վերականգնում բոլոր բանակցություններում եւ նրա ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։