ԵԱՏՄ շուկան Հայաստանի տնտեսական շահերի հիմնական հատվածն է. նախարար
ԵԱՏՄ շուկան Հայաստանի տնտեսական շահերի հիմնական հատվածն է: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ելույթի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, թյուր է այն կարծիքը, թե Հայաստանը միայն հումք է արտահանում: Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ երկրներ ու հատկապես Ռուսաստան արտահանում է ոչ թե հումք, այլ վերջնական օգտագործման ապրանքներ:
«2018-ին Հայաստանից 2 մլրդ 400 մլն դոլարի ապրանք է արտահանվել, որից շուրջ 680 մլն դոլարն արտահանվել է ԵԱՏՄ երկրներ: Մեր արտադրողների, ինչպես նաև ՀՀ տնտեսության շահերը պահանջում են, որ տնտեսավարողները շարունակեն արտահանել ԵԱՏՄ երկրներ: Պետությունը պետք է հնարավորություն տա ձեռնարկատերերին իրենց պոտենցիալը լիարժեք դրսևորել, օգտագործել և ներկայանալ այն շուկաներում, որտեղ կարող են ունենալ զարգացման բավական լայն ու դեռևս մինչև վերջ չօգտագործված հնարավորություններ»,- հայտարարեց նախարարը:
Ոչ միայն արտահանումը, այլև ներմուծումն է ուղղակիորեն փոխկապակցված ԵԱՏՄ շուկայի հետ: Խաչատրյանը նշեց, որ Հայաստան ներմուծվող ապրանքների մեկ քառորդը՝ 1մլրդ 250 մլն դոլարը, բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին: Այս իմաստով հանրապետությունն ունի կենսական նշանակության շահեր Եվրասիական տնտեսական միության տարածքի հետ: