25.11.2024
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը կլինի անվճար. նախարար
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի մարտի 1-ի իրադարձությունների հետ. հայտարարություն

Նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված էր փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրև թե, մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե, մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին: Այս տեղեկությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի, ինչը բազմաթիվ անգամներ փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակի տարածած հայտարարության մեջ:


«Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ ապատեղեկատվություն տարածել: Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ևս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ով միակն է, որը խոսել է այդ փաստաթղթի մասին և շեշտել, որ որևէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ մյուսները պարզապես լռում են:


Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Կից ներկայացվող նկարում դրանում կարող են համոզվել բոլորը:  Ինչևէ, սա պարզապես վկայում է այն մասին, որ ֆիլմում ներկայացված այդ դրվագը բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է, որը անթույլատրելի է պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության համար, քանզի այն պարտավոր է համակողմանի և փաստարկված տեղեկություն տրամադրել հեռուստադիտողներին:


Իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել և հայտարարում է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն, իսկ մարդկանց վրա չհիմնավորված ցեխ շպրտողները, և ուղղորդված կեղծ տեղեկատվության միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցողներն էլ օրենքով սահմանված կարգով սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է հայտարարության մեջ: