Բաքվի պոզիտիվ տրամադրության ֆոնին ՀՀ զուսպ գնահատականները տարակուսելի են. Էլիբեգովա
Արցախի շուրջ կարծես թե ստվերային գործընթացներ են զարգանում: Ի՞նչ ունենք և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում, հաշվի առնելով այն զարգացումները, որոնց մասին գոնե արդեն իսկ հայտնի է:
VERELQ-ը զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ:
-Որքանո՞վ են մտահոգիչ զարգացումները Արցախի շուրջ, որոնց վերջին օրերին ականատեսն ենք լինում: Խոսքս թե՛ Արցախում կադրային լուրջ փոփոխություններին է վերաբերում, թե՛ Ալիևի հռետորաբանության շեշտադրումների թարմացմանը, թե՛ Մամեդյարովի երեկվա հայտարարությանը:
- Ադրբեջանական կողմը շատ պոզիտիվ տրամադրվածություն ունի և Միլանից հետո մի քանի անգամ շեշտել են, որ առաջընթաց կա բանակցային գործընթացում և էլ ավելի մեծ ակնկալիքներ ունեն 2019-ից: Հայկական կողմն ավելի զուսպ է իր գնահատականների մեջ, ինչն արդեն տարակուսանքի տեղիք է տալիս։
Կադրային փոփոխություններն Արցախում ինքնին անհասկանալի էին իրենց դրդապատճառներով, այդպես էլ չլսեցին պաշտոնական պարզաբանում, մինչդեռ բավականին ոգևորիչ էր ադրբեջանական քարոզչության համար, որը կրկին անցավ գրոհի։ Հիմա Ադրբեջանը փաստացի մեր վրա ճնշում է գործադրում և՛ դիվանագիտական խողովակներով, և՛ քաղաքական դաշտում, և՛ քարոզչության միջոցով։ Իհարկե, Ալիևի և Մամեդյարովի հնչեցրած այդ լավատեսական ակնկալիքները կարող են և իրական հիմք չունենալ, այլ ուղղակի մեր հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ լինեն։ Այնուամենայնիվ, հայկական կողմը պետք է պատշաճ կերպով արձագանքի և իր հասարակությանը ներկայացնի իրական պատկերն ավելորդ լարվածություն չմտցնելու համար:
-Մենք նախկինում երբևէ ականատես չենք եղել, որ ՀՀ պաշտոնատար անձինք որևէ շփումներ ունենան ադրբեջանցի գործընկերների հետ: Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ հանդիպել է նրան Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում։ ՀՀ ԱԳՆ-ն, փաստացի, չհերքեց, որ քաղավիացիայի նախագահը նման հանդիպում է ունեցել...
-Առհասարակ կարիք կա խուսափել որևէ չհամաձայնեցված և ինքնաբուխ հանդիպումներից և շփումներից հակառակորդ կողմի պաշտոնյաների հետ: Դա նուրբ հարց է իր անվտանգության կոմպոնենտներով:
-Օրերս հայտարարություն եղավ այն մասին, որ Բաքուն Տավուշի սահմանագծում ադրբեջանական բանակը փոխարինում է սահմանապահ զորքերով: Այս տեղաշարժը ինչո՞վ կարելի է պայմանավորել:
- Պարզ չե, թե ուր են տեղափոխվում զորքերը. գուցե Արցախի ուղղությամբ, ամրացնելու շփման գիծը, և դա առավել անբարենպաստ տարբերակն է մեզ համար: Այնուամենայնիվ ասել, որ ադրբեջանական կողմը դրանով թուլացնում է Տավուշի ուղղությունը ես չէի շտապի, քանի որ սահմանապահ զորքերը մարտունակ են և իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար բավարար։ Ինչևէ, Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում, որ բանակցային գործընթացի իր համար անբարենպաստ հանգուցալուծման դեպքում պատրաստ է պատերազմական գործողությունների
- Վերջին օրերին ակտիվացել են նաև խոսակցություններն այն մասին, թե Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը կընդհատվի և Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Անգամ թեկնածուների անուններն են հրապարակվում: Նման ներքաղաքական զարգացումները որքանո՞վ կարող են վտանգավոր լինել հակամարտության կարգավորման առկախված գործընթացը հաշվի առնելով:
- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով գիտակ և թեմայի մեջ մասնագիտացած կլինի հաջորդ ղեկավարը, ըստ դրա նոր կարելի է դատել, թե հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում ինչքանով կամրանան։ Քանի որ մենք ակնկալում ենք Արցախի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, պետք է շատ պատրաստված ակտոր ունենալ:
Զրուցեց Լիա Խոջոյանը