24.11.2024
Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակելու մասին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Առանց Նաիրա Զոհրաբյան ի՞նչ «Բարգավաճ Հայաստան». Ծառուկյանի որոշումը անընկալելի է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ենթադրվում է, որ այս տարվա դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունից հետո էլ, ինչպես անցած անգամներում, Գագիկ Ծառուկյանը չի ստանձնելու որևէ պաշտոն և, ամենայն հավանականությամբ, չի վերցնելու նույնիսկ պատգամավորական մանդատը: Նա պարզապես օգտագործելու է իր հեղինակությունը կուսակցության համար տպավորիչ ձայներ ապահովելու: Այս անգամ ԲՀԿ ցուցակի անակնկալը թերևս կլինի այն, որ ԲՀԿ-ի քաղաքական թևը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը չի լինելու ընտրական ցուցակներում: Պատճառների մասին երկու կողմերն էլ լռում են: Միայն թե նկատենք՝ ԲՀԿ-ն առանց իր քաղաքական թևի ներկայացուցչի, ըստ էության, անընկալելի կլինի: Այս իմաստով անչափ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի ցուցակներում, որոնք կկարողանան փոխարինել կուսակցության ծանր հրետանի հանդիսացող Նաիրա Զոհրաբյանին»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադեւոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադեւոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով եւ ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջեւում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանները․ զինվեք համբերությամբ»։ Ճի՞շտ են լուրերը, որ համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին։ «Մամուլից ոչինչ չես թաքցնի․ այո»։ Ըստ մեր աղբյուրների՝ քննարկվում է համաժողովն անցկացնելու տեղի հարցը․ ավանդաբար մարզահամերգայինի հարմարավետ-մեծ դահլիճում հավաքվող կուսակցությունում քննարկում են տեղի հարցը, առաջարկ կա «բավարարվել» ՀՀԿ գրասենյակի դահլիճով, որը տեղավորում է 250 մարդ։ Օրակարգը, բացի ընտրություններին մասնակցության խնդրից, նաեւ այլ հարցեր է ներառելու․ վերջնական որոշումը կկայացվի ԳՄ-ում՝ ասացին։ ՀՀԿ քաղաքական թեւի կարծիքով՝ երեք բան այս պահի դրությամբ հաստատ է․ ցուցակը կղեկավարի Վիգեն Սարգսյանը, առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը։ Միտում կա, որ ցուցակի բոլոր անդամները միաժամանակ լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ։ Նախնականով՝ Տարոն Մարգարյանը եւս կարող է դնել իր թեկնածությունը՝ Ավանում։ Իսկ եթե իշխանությունները սկսեն կրկին «բռնել-բաց թողնելու» օպերացիանե՞րը։ «Թեկնածուների նկատմամբ չեն կարող»։ Եվ, այնուհանդերձ, ՀՀԿ վերնախավում ոմանք դեռ չեն բացառում հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանը կղեկավարի համամասնական ցուցակը, թեեւ նախօրեին Արմեն Աշոտյանը եթերում ասաց, որ բացառվում է։ 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում դաշինք կազմեց «Առաքելություն» կուսակցության հետ` անվանելով այն «Իմ քայլը»: Նրանք այս դաշինքով մասնակցելու են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին: Միաժամանակ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները «Լույս» անվանումով դաշինք էին կազմել: Արդյոք նրանք եւս ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցե՞ն նույն այդ ձեւաչափով: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ԼՀԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հստակ պատասխան չի տվել: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դա դեռ քննարկման փուլում է: Այս պահին կոռեկտ չի լինի: Ամեն դեպքում, մենք տրամադրված ենք մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հետ»,- ասել է նա:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ առաջարկը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կողմից Արարատի մարզում առաջադրվելու առաջարկը: Իր այս որոշումը Գրիգորյանը պատճառաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակաՀՀԿական տրամադրություններով: Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությունը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը: Նրանք համոզված են, որ այս անգամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստանալ և չեն ուզում խայտառակվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական նոր օրենսգրքի տապալումից հետո Նիկոլ Փաշինյանի թիմում որոշել են տապալողների քթից բերել։ «ՔՊ» մեր աղբյուրը տեղեկացրեց, որ դեկտեմբերի նախընտրական փուլում «սևերը» երանի են տալու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կիրառված կոշտ մեթոդներին, երբ Փաշինյանը «ծեփում էր պատերին, փռում ասֆալտներին»։ Վարչապետը քարոզարշավի ժամանակ ոչ մեկին չի խնայելու»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««ՔՊ»-ի համար նախընտրելի ընդդիմությունը ո՞ր քաղաքական ուժն է ապագա պառլամենտում՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Սասնա ծռերը»՝ հարցրինք Լենա Նազարյանին։ «Մենք չենք որոշում՝ ընդդիմությունն ով է, մեր նախընտրություններով չպետք է ձեւավորվի ընդդիմությունը․ ինչ ուժ էլ լինի, աշխատելու ենք հետը»։ Ասում են՝ «ՔՊ»-ում ամեն ինչ չէ, որ խաղաղ է, «նեպրիյազնի» դրսեւորումները թափ են հավաքում, ասենք՝ Ավինյան-Միրզոյան հակասություններ կան, խոսվում է Սասուն-Նիկոլ հակամարտության մասին, միակողմանի փողոցով հակառակ երթեւեկող Սիսեռյանի ավտոմեքենան, ասում են, «ՔՊ»-ականներն են նկարել՝ տվել համապատասխան մամուլին։ «Այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, «ՔՊ»-ում շատ համերաշխ մթնոլորտ է։ Չկա նման բան»։ Ասում են՝ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն Դուք եք։ «Ես ոչինչ չեմ բացառում, սակայն «ՔՊ» ցուցակում եղող շատերը կարող են դառնալ ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար»։ Բայց տեսակետ կա, որ վերջին շրջանում Դուք «ՔՊ»-ում դարձել եք «ասող»․ այդպե՞ս է։ «Ո՜չ, ո՜չ․ մենք համագործակցելով ենք մեր որոշումները կայացնում»։ Սակայն վերջին շրջանում կոնսենսուսի կարիք, ասում են, չի եղել ու չի լինի, կլինի միանձնյա որոշում Փաշինյանի կողմից։ «Ես արդեն ասացի»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց. երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ, եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` արձակվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը: Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձեւավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում: Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարակական տրամադրությունները, այլեւ ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր սահմանադրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը: Ուստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ: Միայն թե նկատենք` ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել: Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչեւ նոր ԱԺ ձեւավորումը: Եւ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռեւս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսեն ամենատարբեր օրենքներ ընդունել` արհեստականորեն լարելով իրավիճակը: Ի վերջո, նրանք այլեւս կորցնելու որեւէ բան չունեն: Հուսանք` ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որեւէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատավորների եւ նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ կռիվը նոր ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Նրանք ներկայացրել են, թե ինչպես է ԲԴԽ-ն վարվում իրենց հետ` հորդորելով նախագահին չստորագրել ու չվավերացնել ԲԴԽ-ից ստացված փաստաթղթերը: Դատավորներից Մարինե Տաշչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դիմել է նախագահին. «ԲԴԽ-ն ցանկանում էր մայրության արձակուրդը մեկնաբանել յուրովի, որը, սակայն, իրենց մոտ չստացվեց, եւ ես դրա դեմ պայքարեցի, բայց ԲԴԽ-ն չի ցանկանում հանձնվել եւ ուզում է շարունակել իր ապօրինությունները: Հիմա դրա կապակցությամբ ընդունել են մեկ այլ որոշում, որով նախատեսում են դատավորների նշանակման կամավորության սկզբունքով կարգ, որը հակասում է օրենքին»,- ասել է դատավորը: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը, հետևելով իր ռուս բախտակիցների օրինակին, հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Խաչատրյանը իր մերձավոր շրջապատին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ մնալ տարագրության մեջ, բայց խուսափում է Հայաստան գալուց՝ վախենալով իր և որդու նկատմամբ քրեական հետապնդումից»:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ արդեն նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու՝ Քաջիկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինծառայությունից ապօրինի խուսափելու համար: Հենց դրանով էր պայմանավորված ՀՀԿ-ից և ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու Գևորգյանի որոշումը: Այժմ Գևորգյանը փորձում է կարգավորել հարաբերությունները գործող իշխանության հետ և հասնել քրեական գործի կարճմանը:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այս պահին գտնվում է Մոսկվայում։ Նա Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո մեկնել է Հայաստանից։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրա Հայաստանից «անխափան» հեռանալու գործում մեծ ներդրում է ունեցել արդեն հետախուզվող Վահագն Հարությունյանի եղբայրը՝ Արտակ Հարությունյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի Զվարթնոցի բաժնի պետ։ Վահագն Հարությունյանը դեռ չի որոշել՝ կվերադառնա Հայաստան, թե ոչ։ Իրեն վկայի կարգավիճակով հարցաքննության մասին ծանուցագիր է ուղարկված, բայց ինքը բուժման կուրսեր է անցնում և ընթացքից ելնելով կորոշի՝ գալ, թե ոչ»։