24.11.2024
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դեռևս քաղաքական հալածանքի գործիքներ են. «Սասնա ծռեր»
prev Նախորդ նորություն

Ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկիր այլևս չպետք է լինենք. Փաշինյան

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը, որը գոյություն ունի երկար տարիներ, չի կարող ընդունելի համարվել պետության համար: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  


Նրա խոսքով, տնտեսական աճը ապահովվում է հիմնականում հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և խաղադրույքների շնորհիվ: Իսկ սա, շեշտեց Փաշինյանը, անընդունելի է.


«Հունիսին երկրում արձանագրվել է 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կատարված խաղադրույքներով»,- ասաց նա: Ըստ այդմ, եզրահանգում կարելի է անել, որ մենք ագրարային հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկիր ենք, բայց այս իրավիճակը պետք է փոխվի.


«Նման երկրից մենք պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի»,- շեշտեց նա։


Միևնույն ժամանակ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի տնտեսությունում այս պահին որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում և նույնիսկ պնդեց հակառակը.


«Թույլ տվեք հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ»:


Վարչապետի թեկնածուն նաև փաստեր ներկայացրեց, որոնք ապացուցում են դա: Փաշինյանի խոսքով, օրինակ, բացի հանքարդյունաբերության ոլորտից մնացած ոլորտներում իրականացվող ներդրումների ծավալն աճել է 70 տոկոսով, իսկ աշխատատեղերի թիվը՝ 30 տոկոսով: 2018թ.-ի առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ներդրումներն աճել են 75 տոկոսով, շինարարության ոլորտում, 2017 թվականի սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 3.5 տոկոս աճ: «Մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ»,- վստահ նշեց նա: