Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն՝ իր նստավայրում ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորած պատվիրակությանը:
«Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են: Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին»,-ասել է նախագահը:
Նա հավելել է, որ դրանք պարզապես լավ խոսքեր չեն, այլ խորը գնահատանքի խոսքեր են, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
«Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»,-ասել է Սարգսյանը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին նշել է. «Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն ապագայի շատ ավելի մեծ ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:
Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների:
Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, և աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին, իսկ հոկտեմբերի 12-ին մեկնարկել է նրա պաշտոնական այցը ՀՀ: