Հայաստանը պատրաստ է ընդարձակել Սիրիայում մարդասիրական առաքելությունը. ԱԳՆ
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Զրուցակիցներն հանգամանալից անդրադարձան Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ:
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր լուրջ մտահոգությունը Սիրիայում ճգնաժամի և դրա հետևանքով Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգության կապակցությամբ: Նա շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի հրատապ կարիքների բավարարմանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում, Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական առաքելություն կիրականացնի: Նա այդ մասին ասել էր Մոսկվա կատարած այցից հետո:
«Ես արդեն կարող եմ այդ մասին պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին և Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, և Հայաստանի Պաշտպանության նախարարության մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո»,-ասել է Փաշինյանը:
Նա հավելել էր, որ այդ մարդասիրական առաքելությունն անցկացվելու է Ռուսաստանի հետ համատեղ: Փաշինյանը հույս էր հայտնել, որ գործընթացում կներգրավվեն միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ:
«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, այն հատկապես մեծ է Հալեպում։ Մենք կարևոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման և բժշկական օգնության տրամադրման մասին է»,-պարզաբանել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ սա ամբողջությամբ հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր չի պարունակում: