24.12.2024
Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառում է մի քանի ճակատների ռազմավարությունը

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել։


Օրեր շարունակ Ադրբեջանը կրակի տակ էր պահում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը` վնասներ պատճառելով գյուղացիներին: Բաքուն կրակի տակ է պահում Արցախին զուգահեռ նաև ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Տավուշի մարզը, և դա ունի հստակ ռազմավարություն:


Ադրբեջանի զինված ուժերը, կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ, ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել ոչ միայն սոցիալ–տնտեսական ծանր վիճակի պատճառով, այլև վախի մթնոլորտը: Ի վերջո, պարբերաբար կրակելը դպրոցների, մանկապարտեզների վրա հենց այդ նպատակն է հետապնդում, որպեսզի բնակչությունը կրակի տակ գտնվող գյուղից հեռանա դեպի այլ բնակավայրեր՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ (ներքին միգրացիա) կամ ընդհանրապես արտագաղթի ՀՀ–ից։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը, երիտասարդների թիվը սակավաթիվ է, նրանք պետք է կա՛մ զբաղվեն գյուղատնտեսությամբ,  կա՛մ դառնան պայմանագրային զինծառայողներ: Սա «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից՝ տնտեսական գործունեությունից, ու առաջնագծում գտնվելը դառնալու է տեղի բնակչության հիմնական զբաղմունքը՝ անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ գտնվող գյուղերից «վանելով» ցանկացած ներդրողի, քանի որ հասկանալի է, որ հակառակորդի ուղիղ նշանառության տակ որևէ աշխատատեղ բացելու ցանկություն քչերը կունենան։ Հենց այդ բացերը լրացնելու համար էլ որոշում կայացվեց ներքին զորքերի որոշ ստորաբաժանումներ ուղարկել Տավուշի մարզ` հայ-ադրբեջանական սահմանի առաջնագիծ:


Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական ՀՀ–Վրաստան ճանապարհը, նրա որոշակի հատվածներ դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր. Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ: Սա, բնականաբար, կերկարացնի ճանապարհը, լրացուցիչ միջոցներ կպահանջի բյուջեից այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման համար։ Սա մի նպատակ ունի՝ խախտել կոմունիկացիաները, վտանգել մեքենաների տեղաշարժը, ինչը կազդի զբոսաշրջության վրա՝ Հայաստանից Վրաստան մեկնողները կխուսափեն, հոսքերը կնվազեն:


Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա–Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։


Այսպիսով, ՀՀ-ի զինված ուժերի հնարավորություններն ապակենտրոնացնելու համար Բաքուն կիրառում է մի քանի ճակատների ռազմավարությունը` Տավուշ, Նախիջևան, ղարաբաղյան ճակատ: Դա արվում է հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ Արցախը հնարավորինս առանց ՀՀ-ից եկող օգնության թողնելու համար, որպեսզի ՀՀ զինված ուժերը զբաղվեն հայ-ադրբեջանական սահմանների պաշտպանությամբ ու հնարավորինս քիչ մեկնեն Արցախին օգնության: