25.11.2024
Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հանգիստ շրջագայում են. Լևոն և Սաշիկ Սարգսյաններին տեսել են Լիբանանի շքեղ խաղատանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջհոնի քաղաքի Cazino de Liban հանրահայտ խաղատանն են եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրները` Լևոն և Սաշիկ Սարգսյանները: Նրանց ընկերակցել է լիբանանահայ, նախկին ռամկավար Հարություն Երկանյանը: Ըստ մեր աղբյուրի՝ խաղատանը Սարգսյան եղբայրներին տեսած հայերը զարմանք են ապրել, քանի որ տեղյակ էին, որ նրանք իրենց դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չեն կարող բացակայել Հայաստանից, մինչդեռ հանգիստ շրջագայում են աշխարհով մեկ՝ այցելելով Մերձավոր Արևելքի ամենահայտնի ու շքեղ զվարճանքի կենտրոնը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գարեգին Բ կաթողիկոսի եւ ՀՀ նոր իշխանությունների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վեհափառը այն կթողնի հիվանդության հիմքով: Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին, ով ասաց. «Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսեւորել են պատշաճ հարգանք եւ գնահատել են Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։ Նա հաճախ հանդիպում է նաեւ Իշխան Զաքարյանին։ Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, թե վերջերս Հովիկ Աբրահամյանն է իրեն զանգահարել՝ «Ավազահատիկի» թեմայով․ «Եվ վերջ, եթե որեւէ շրջանակի հետ հանդիպում լիներ, կխոստովանեի»։ Քննչական կոմիտեում «Ավազահատիկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել այս 2 պաշտոնյաների դեմ՝ լիազորություններն անցնելու, խարդախության առերեւույթ դեպքի վերաբերյալ։ Ուշագրավ է, որ Սարգսյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, թե հավանաբար սեպտեմբերին դուրս կգա ՀՀԿ-ից, սակայն ամռան ընթացքում մտափոխ է եղել»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաեւ ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։ Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության եւ կայուն զարգացման», ինչն առնչվում է Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ Հայաստանից Մատվիենկոյի հրավերով Պիտեր է մեկնել նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա էլ ռուսական կողմի առաջարկով ամսի 20-ին հանդես կգա բացման խոսքով։


«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հետաձգել է մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտնի է դարձել նախարարի և բեռնափոխադրողների հետ հանդիպումից հետո։ Նախարարը հետաձգել է որոշման կիրարկումը մինչև տարեվերջ և նշել, որ այս ժամանակահատվածում կաշխատեն նախկին տարբերակով՝ միաժամանակ փորձելով գտնել խնդրի լուծման առավել ոչ ցավոտ լուծում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ բարձրացված աղմուկի պատճառով Վրաստանը որոշման կատարումը հետաձգել էր մինչև հոկտեմբերի 1»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո մի շարք հանրապետական պաշտոնյաներ, քաղաքապետեր ու այլ գերատեսչությունների ղեկավարներ սկսել են սպառնալ-զգուշացնել իրենց ենթականերին կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել, զերծ մնալ անգամ ֆեյսբուքյան նամակագրությունից, քանի որ «կարողա պատահի իրենց հետևում են»։ Նման մի քանի դեպք գրանցվել է հատկապես Վանաձորում քաղաքային իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այսինքն՝ պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել՝ դրանով իսկ փորձելով կանխել իրենց դեմ հնարավոր սաբոտաժը և առհասարակ խնդրահարույց տեղեկությունների տարածումը»։


 


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այսօր պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած 54 կազմակերպություն կա, սակայն դրանց մի մասը գործունեություն չի ծավալում որեւէ մեկի հետ պայմանագիր չկնքելու հետեւանքով: Ուշագրավն այն է, որ մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան. այդպես է նախատեսված 2012թ. ԱԺ ընդունած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով: Ըստ այդմ սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրթության եւ գիտության նախարարությունը: Ասել է թե` այս կամ այն անձի թիկնապահ աշխատել-չաշխատելու հարցը հիմա կախված է նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել բուհերի խորհուրդների ֆունդամենտալ փոփոխությանը։ Հիշեցնենք, որ առայժմ խորհուրդներում դեռ հանրապետականներ են և նախկին պաշտոնյաներ։ Եթե գնում ենք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ, տակտիկական կոպիտ սխալ կլինի բուհերը թողնել ՀՀԿ-ի ազդեցության դաշտում։ Եվ չնայած այսօրվա իշխանություններն ընդդիմություն եղած ժամանակ քարը քարին չէին թողնում՝ բողոքելով կրթական համակարգի կուսակցականացումից, կարծես թե որոշել են՝ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ կարգել սոցապնախարար Մանե Թանդիլյանին, որն այդ բուհի շրջանավարտ է՝ փոխարինելով Գալուստ Սահակյանին, Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Արմեն Աշոտյանի փոխարեն։ Շիրակի համալսարանի խորհրդի նախագահ է դարձել Լևոն Բարսեղյանը։ Առ այս պահը որոշված չէ, թե ով է ԵՊՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինելու Սերժ Սարգսյանին։ «Բուհերի կառավարման խորհուրդները պետք է վերանայվեն, բայց եթե նախկինները փոխարինվեցին ներկա իշխանությունների ներկայացուցիչներով, ապա՝ «նու պագադի, զայեց»․ դա ուղիղ հարված է հեղափոխության թիկունքին, ու թե այդպես եղավ, մենք մեր քայլերն անպայման անելու ենք, իսկ ես չեմ լռելու»,- մեզ հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի Երևանի ավագանու անդամ, այդ խնդրի դեմ մշտապես պայքարած Անահիտ Բախշյանը»։