ՀՀ կառավարությունն առաջարկում է խստացնել պատիժը այս կամ այն իրավախախտման համար, սակայն միաժամանակ լղոզված ձևակերպումներ, որոնք տարընթերցման տեղիք կարող են տալ: Այս մասին ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ սկզբունքորեն կողմ է ընտրական իրավախախտումների պատիժների խստացմանը, սակայն խնդիրը նրանում է, որ փաստաթուղթը պարունակում է խառնաշփոթ ձևակերպումներում, որոնց պատճառով շարքային քաղաքացիների մոտ կարող են լուրջ խնդիրներ լինեն: Հովհաննիսյանի խոսքով, փոփոխությունները ենթադրում են քրեական պատասխանատվություն «ընտրողին ընտրակաշառք տալու և ստանալու խոստման համար»: Սա, ըստ ԱԺ փոխնախագահի, վտանգավոր է, քանի որ նման ձևակերպումը թույլ է տալիս ցանկացածին քրեական պատասխանատվության ենթարկել:
«Պատկերացրեք մի իրավիճակ. որևէ գյուղում ինչ-որ ընտրակեղծարար տան դուռ է թակում և ինչ-որ տատիկի ասում է՝ մեզ ընտրես, քեզ գումար կտանք, տատիկն ասում է լավ ու դուռը փակում է։ Հիմա տատիկին դատապարտելո՞ւ ենք 1-3 տարի ազատազրկման՝ լավ ասելու համար։ Իմ մտահոգությունն այն է, որ հստակություն ունենանք՝ ինչ է նշանակում ընդունել՝ ժպտաց, ասաց՝ լավ, այո»,- ասաց նա:
«Եթե հիմնադրամը կապված է այս կամ այն քաղաքական ուժի հետ, քաղաքացիները նախընտրական շրջանում դրան չպե՞տք է դիմեն»,- հետաքրքրվեց նա:
Ճիշտ է, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ, թե որ դեպքերում բարեգործությունը կարող է որակվել ընտրակաշառք, սակայն Արփինե Հովհաննիսյանին նրա պատասխանները չգոհացրեցին: Նա պնդեց, որ ձևակերպումների տարընթերցումից տուժելու են շարքային քաղաքացիները, ոչ թե նրանք, ովքեր ընտրակաշառք են բաժանել, քանի որ քաղաքացիները այդքան էլ լավ գլուխ չեն հանում իրավական հարցերում:
Արփինե Հովհաննիսյանը շեշտեց՝ ինքը կողմ է կոշտացումներին, բայց մտավախություն ունի նաև ժամկետների առումով, չէ որ մինչև ընտրություններ 20 օր ժամանակ է մնացել և արդյոք կառավարությունը կհասցնի տեղեկացնել հանրությանը այս բարեփոխումների մասին.
«Ես կասկածում եմ»,- հավելեց նա: