Տարոն Մարգարյանը Երևան հիմնադրամի գործով անպայման հարցաքննվելու է. Վանեցյան
Երևանի նախկին քաաղքապետ Տարոն Մարգարյանը Երևան հիմնադրամի գործով անպայման հարցաքննվելու է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
“Ոչ թե ամենայն հավանականությամբ, այլ հաստատ հարցաքննվելու է: Օրը կորոշի քննությունը, դրանք քննչական գործողություններ են, քննչական խմբի ղեկավարն ինքն է որոշում կայացնում, թե երբ հրավիրի”,- ասաց Վանեցյանը:
Վանեցյանն ավելացրեց, որ նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ քննչական խմբի գործողություններին ինքը չի միջամտում:
Հունիսի 13-ին հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն հաղորդում է ստացել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ: