24.11.2024
Ադրբեջանն ու Վրաստանը Բաքվում կքննարկեն ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծեր
prev Նախորդ նորություն

Թուրքիան շարունակում է հակահայկական քաղաքականությունը Հարավային Կովկասում

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված տարածքները», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։


«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները մեկը մյուսից չենք տարանջատում։ Այսինքն, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախևառաջ պետք է լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը։ Թուրքիան էլ այդ ժամանակ կկարգավորի հարաբերությունները։ Հակառակը քիչ հավանական է։ Ադրբեջանի հողերը Հայաստանի կողմից օկուպացված են։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի»,-նշել է նա։


Անկարան կրկին անգամ հաստատում է ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ իր արտաքին քաղաքական հիմնական թեզը` Հայաստանին անվանում է օկուպանտ, կապում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հարցի ադրբեջանամետ լուծման հետ:


Թուրք-ադրբեջանական տանդեմը Հարավային Կովկասում հանդես է գալիս միասնական ռազմավարությամբ` հայ-թուրքական սահմանը փակ պահելով Անկարան թուլացնում է ՀՀ-ին տնտեսապես, նպաստում է արտագաղթին, իսկ Բաքուն էլ իր հերթին մեծացնելով ռազմական ներուժը՝ փորձում ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով: Դրան զուգահեռ, Բաքուն ու Անկարան ՀՀ-ին էներգետիկ-տրանսպորտային առումով մեկուսացնում են տարածաշրջանում, բոլոր նախագծերն իրականացնելով Վրաստանի տարածքով` այդ կերպ դուրս թողնելով Երևանին տարածաշրջանային նախագծերից:


Թուրքիան վերահաստատում է տարիներ շարունակ իր կողմից որդեգրված հակահայ արտաքին քաղաքականությունը` փակելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ճանապարհը. նրա համար կարգավորման նախապայմանը շարունակում է մնալ ղարաբաղյան ճակատում ՀՀ-ի կողմից միակողմանի զիջումները, ինչին, իհարկե ,Երևանն ու Ստեփանակերտը չեն գնա:


Այս պարագայում ՀՀ-ն պետք է ավելի խիստ ու ակտիվ քաղաքականություն իրականացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, սերտ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող երկրների հետ` Հունաստան, Կիպրոս, եվրոպական որոշ երկրներ, փորձելով թուրք-ադրբեջանական տանդեմին հակադրել հայամետ երկրների կոալիցիա: