Թուրքիան դեպի ֆաշիզմ է գլորվում. թուրք գրող
Թուրքիան դեպի ֆաշիզմ է գլորվում, կարծում է Գերմանիայում բնակվող թուրք գրող Ասլի Էրդողանը: Կին գրողին հայրենիքում ցմահ ազատազրկում է սպառնում ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով:
AFP-ին տված հարցազրույցում Ասլի Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ինստիտուտները «լիարժեք կործանման վիճակում են»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեջ գրողը տեսնում է մարդու, որը խստացնում է թուրքերի առօրյա կյանքի նկատմամբ վերահսկողությունը:
«Թուրքիայում իրավիճակը նացիստական Գերմանիան է հիշեցնում: Էրդողանը գրեթե ամենազոր է: Կարծում եմ, որ դա ֆաշիստական ռեժիմ է: Դա դեռ 1940-ականների Գերմանիան չէ, բայց արդեն 1930-ականների Գերմանիան է»,- նշել է նա:
Ասլի Էրդողանը 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո 70.000 ձերբակալվածների թվում էր: Նա Ստամբուլի բանտում 136 օր է անցկացրել քրդամետ թերթի հետ կապի պատճառով, հետո անսպասելիորեն գրավի դիմաց նրան ազատ են արձակել: Գրողի ձերբակալությունը միջազգային քննադատության ալիք է բարձրացրել:
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը նրան «բացառիկ խորաթափանց եւ զգայուն գրող» է կոչել: