Հունիսի 17-ի ժամը 21:45-ի սահմաններում հակառակորդը Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի: ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկ ջոկատայինների խումբը հետ է շպրտվել: Այս մասին հունիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նա գրում է, որ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն. առաջնային գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում կիրառվել է ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7):
«Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարա-հետախուզական ապահովման ծառայությունները աչալրջորեն վերահսկել և վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների», - գրել է Հասրաթյանը:
Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների` դիվերսիոն խմբի ներթափանցման նպատակն է շոշափել հայկական առաջնագծի մարտունակությունն ու զգոնությունը: Բացի այդ, այդ ներթափանցումը կարող է ունենալ նաև շեղող էֆեկտ. հարձակումը կարող է տեղի ունենալ այլ ուղղություններից, իսկ նույն պահին դիվերսանտներին այդ ուղղությամբ ուղարկելն ու ուշադրություն սևեռելը հենց այդ ուղղության վրա նպատակ ունի շեղել ուշադրությունը մյուս ուղղություններից:
ՀՀ նոր իշխանությունները պետք է Բաքվի ռազմական լուրջ նախապատրաստությունների մասին բարձրաձայնեն աշխարհով մեկ` Մինսկի խմբի առջև, ինչպես նաև ՄԱԿ-ում, եվրոպական հարթակներում:
Միջազգային հանրությունը պետք է հստակ մեսիջ ուղարկի Ալիևին` ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չունի, իսկ Արցախի նկատմամբ ագրեսիան միջազգային հանրության կողմից դատապարտվելու է:
Սակայն ամենակարևորն այս պահին հայկական զինված ուժերի պատրաստումն է ու իշխանությունների կողմից առաջնային ուշադրությունը պետք է ուղղվի Արցախին ու հայ-ադրբեջանական սահմանին:
Հասարակությունն այս պահին ուշադրությունը կենտրոնացրել է ներքին քաղաքական հարցերի` կոռուպցիոն տարբեր բացահայտումների ու ԱԱԾ գործողությունների վրա: Ներքաղաքական դիսկուրսն այս պահին պետք է իր տեղը ժամանակավորապես զիջի արտաքին քաղաքական` արցախյան դիսկուրսին` ռազմական բախումները սարերի հետևում չեն, հայության համախմբումը ՀՀ-ում, Արցախում ու Սփյուռքում այս պահին գերխնդիր է:
ՀՀ-ի քաղաքական բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն առկա տարաձայնություններն ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի առջև հանդես գան մեկ միասնական, համախմբված դաշտով` Արցախի գոյության հարցը պետք է վեր լինի ներքաղաքական պայքարից ու ապագա ընտրություններին ավելի լավ դիրքերից հանդես գալու ու վարկանիշը բարձր պահելու ձգտումներից: