Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել
Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով Թուրքիայի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կկազմի մոտ 260 միլիոն դոլար: Այդ կորուստները փոխհատուցելու համար մենք որոշել ենք հունիսի 21-ից 300 միլիոն դոլարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ որոշումը, թե ինչ ապրանքներ կընդգրկվեն ցանկում, կառավարությունը կկայացնի առանձին:«Մենք ԱՄՆ ենք արտահանում 1,18 միլիարդ դոլարի պողպատ, ԱՄՆ-ից մեր ներկրումը կազմում է 1,3 միլիարդ դոլար: Մենք փորձել ենք խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով, բայց առողջ երկխոսություն այդպես էլ չի ստացվել:
ԱՄՆ-ն աշխարհի հետ առևտրային պատերազմ է մղում»,- նշել է նախարարը:
Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի համար 25 տոկոսի չափով և ալյումինի համար 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանում: