ՀՀ ՊՆ-ն թույլ է տվել ադրբեջանցիներին կարճ ժամանակով մոտենալ Գյուննութի գերեզմանատեղիին
Ադրբեջանական կողմը հունիսի 6-ին և 7-ին դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությանը մոտ կանգնած որոշ լրատվամիջոցներ այս քայլը մեկնաբանել են, որպես Նախիջեւանում Ադրբեջանի զինված ուժերի հաջողված գործողությունների արդյունք: Նշվում է, որ այդ գործողության արդյունքում ադրբեջանական բանակը գրավել է մի քանի ստրատեգիական նշանակության բարձունքներ՝ վերահսկողության տակ վերցնելով հազարավոր հեկտար տարածքներ ու Հայաստանից դեպի Ստեփանակերտ տանող մայրուղիները:
Տվյալ մեկնաբանությունը զայրույթ եւ քննադատություն է առաջացրել սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում:
«Ո՞ւմ է պետք է մի մարդասիրություն, որը հակառակորդի կողմից այդպիսին չի գնահատվում, եթե այն սեփական երկրում ու աշխարհին ներկայացվում է որպես Ադրբեջանի զինված ուժերի հերթական հաջողություն՝ որպես շարունակվող հարձակում ու Նախիջևանից ուղությամբ կորցրած տարածքները պատառ-պատառ վերադարձնելու "սխրանք"», - իր Facebook-ի էջում նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: