25.11.2024
Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներին. Նիկոլ Փաշինյանը՝ թանկացումների մասին
prev Նախորդ նորություն

«Նիկոլի թվերն ենք ապրում». Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց

«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի արդարադատությունը», - նման հայտարարություն արեց դատարանի դահլիճից հունիսի 2-ին ազատ արձակված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ ձեռնպահ մնալով մեկնաբանել իր դեմ սկսված իրավական գործընթացը: «Այդ մասին հետո կխոսեմ», - հավելեց նա:


Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր՝ հունիսի 2-ին, ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Նման որոշում կայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ:


Մինչ այդ ազատ էին արձակվել նույն գործով ձերբակալված Մասիսի քաղաքապետի հորեղբոր որդին ու Սարգիս Սահակյանը:


Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել նրան ձերբակալելու քննիչի որոշումը:



Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու համար (ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին եւ 2-րդ մաս): Ընդհանրապես այս գործով ձերբակալվել էին 6 անձ՝ Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը:


Դատարանից դուրս գալիս ի պատասխան լրագրողների բազմաթիվ հարցերի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ասաց. «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,  կեցցե՛ արդարադատությունը:... Անկեղծ ասած սպասելի էր, եւ  հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»:



Մասիսի քաղաքապետի ազատ արձակման փաստով զարմացած էին նաեւ դատարանի դիմաց հավաքված նրա հարազատներն ու կողմնակիցները: Նրանք ընդունում էին, որ դատարանն անկախ որոշում է կայացրել ու իրեն դրսեւորել է «իսկապես որպես իշխանության առանձին ճյուղ»: «Սա մի բան է, որ մենք չէինք սպասում, սակայն սա էլ եղավ Հայաստանում: Նիկոլի թվերն ենք ապրում», - մեզ հետ զրույցում Դավիթ Համբարձումյանի ազատ արձակելու փաստին արձագանքեց նրա կողմնակիցներից մեկը:



Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտարարեց, որ քննչական կոմիտեն և մի շարք դատավորներ, անտեսելով օրենքի տարրական պահանջները, քրեական դատավարության տարրական հանրաճանաչ նորմերը, ստալինյան մեթոդներով անցել են մարդկանց ձերբակալությունների:


Նրա խոսքով, դատական համակարգում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ այլեւս իշխանությունից «զանգեր ու ցուցումներ չկան»: «Անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում դատական համակարգը գործել է ցուցումներով և զանգերով, 20 օր է՝ այդ զանգերը չկան, և մենք տեսնում ենք խայտաբղետ վիճակ», - ասաց նա՝ պատասխանելով VERELQ-ի հարցին:



Նա ծիծաղելի համարեց Դավթի Համբարձումյանին ձերբակալելու իրավաան հիմքը: «Հիմքն ընդամենն այն է, որ ինչ-որ մեկը հայտարարել է՝ «էս տղերքն առանց Դավիթի ասելու՝ ոչ մի բան չէին անի», - նշում է նա ու հավելում, որ սա բավարար է համարվել զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ մարդուն մեղադրելու համար։


«Սա նշանակում է՝ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկել, սա հանցագործություն է։ Ես ապշած եմ, նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում: Ես նման բան չէի տեսել անգամ մարտի 1-ի դեպքերից հետո սկսված ձերբակալությունների ժամանակ», - եզրափակեց նա։