VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իշխանություններից առաջարկ է ստացել՝ համաժողովրդական պայքարից հրաժարվելու դեպքում իրեն կվճարեն 200 միլիոն դոլար:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նրան աջակցող ուժերը հենց այդքան են գնահատել ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակը: Նոր ընտրություններ կազմակերպելու, ընտրակաշառք բաժանելու, ընտրություն կեղծելու փոխարեն, նրանք մտածել են, որ ավելի հեշտ ճանապարհ կա՝ այդ գումարը վճարել Նիկոլ Փաշինյանին և սպանել համաժողովրդական շարժումը: Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է գործարքից՝ ասելով, որ ավելի լավ կանեն, եթե այդ գումարը պահեն իրենց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ելք» խմբակցության անունից հաղորդագրություն էր տարածվել. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 2-րդ մասը՝ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը խմբակցության նիստում որոշեց ՀՀ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»։ Սակայն պարզվում է, գրությունն ԱԺ մուտք չի եղել։ Փաշինյանի «հակահեղափոխական» ընկերները՝ «Լուսավոր Հայաստանից» եւ «Հանրապետությունից» որոշել են մի ոտ առաջ ընկնել եւ առանց «ՔՊ»-ի հետ համաձայնեցնելու հայտարարել նրան առաջադրելու մասին՝ նախքան դիմումն ԱԺ քարտուղարություն ուղարկելը։ Սակայն Փաշինյանը կասեցրել է պրոցեսը, ասելով, որ իր թեկնածությունը պետք է առաջադրվի ԱԺ բոլոր խմբակցությունների կոնսենսուսով, քանի որ դա է ժողովրդի պահանջը»:
«Ժամանակ» թերթը գրել է. «ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ լսել է նրա Ելույթը РВК հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, և հասկացել է, որ նրան իշխանություն չի կարելի վստահել: «Этот дурачок никогда не станет премьер-министром», - ասել է Ռիժկովը: Պատվիրակության անդամ Չերնենկոն փորձել է բացատրել, որ ասվածի մեջ վիրավորանք չկա, քանի որ ռուսական հեքիաթների հերոս Иванушка дурачок-ն այնքան վատ կերպար չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր երեկվա հեռուստահարցազրույցում հայտարարել է. «Ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, կարող է` իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Կարող է` նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է և պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Եկեք ԱԺ ձեր ծրագրով, և եթե ունեք այդ քվեն, ստացեք այն և դարձեք վարչապետ»:
Կարապետյանի խոսքերն իսկապես զավեշտի ժանրից են: Այս տարիների ընթացքում իշխանությունները միշտ էլ շռնդալից զարգացման խոստումնալից ծրագրեր են ներկայացրել: Բայց դրանք երբևէ իրականություն չեն դարձել: Նույն Կ. Կարապետյանի կառավարությունը խոստացել էր բարելավել ժողովրդագրական վիճակը, բարձրացնել ծնելիությունը: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է ժողովրդագրական վիճակի մասին առաջին եռամսյակի տվյալները: Պատկերն իսկապես ողբերգական է: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրի բնակչության թիվը կազմել է 2 մլն 969.9 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 հազար 600-ով պակաս: Ծնելիության ցուցանիշը ևս նվազել է, ընդ որում՝ վերջին տարիների ընթացքում ամենացածրը. այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 8 հազար 225 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 536 էր:
Ասել է թե, Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը մնացել են թղթի վրա, չիրագործված: և հիմա այս ձախողումից հետո խոսել ծրագրերի մասին, ոչ այլ ինչ է, քան սոփեստություն: Մեկ փաստ էլ. Կարապետյանն արդեն երկրորդ անգամն է խուսափում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից, թեև ՀՀԿ-ն հենց նրան է լիազորել այս հարցում: Հավանաբար վախենում է, այլապես ուղիղ եթերում բանակցությունները շոուների սիրահար Կարապետյանը չէր մերժի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես, խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր` ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, եւ որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան: Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ հինգ տարիներին հանգիստ ապրելու են եւ կարողանալու են այդ գումարները ետ բերել: Բայց հիմա հակառակն է: Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն` իշխող ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եւ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը»: