Քաղաքապետարանը կոչ է անում զերծ մնալ քաղաքային գույքը տեղաշարժելուց
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների եւ աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաեւ դրանք վնասելու դեպքեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ եւ ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը:
Հաշվի առնելով վերոնշյալը, հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու եւ դրանք վնասելու քայլերից, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց»:
Նշենք, որ այսօր առավոտվանից ցուցարարները փակել են Երեւանի կենտրոնի բազմաթիվ փողոցներ: Այս պահին էլ փակ են Մոսկովյանը, Սարյանը, Աբովյանը, Հերացին, Կորյունը, Նալբանդյանը, Սայաթ-Նովա, Մաշտոցի պողոտան Բաղրամյանը և այլն: Նշենք, որ ցուցարարները օգտագործում են աղբամանները փողոցները փակելու համար: