25.11.2024
ԱՄՆ-ն հազարավոր կոնտեյներներով զենք է ուղարկել Սիրիայի գրոհայիններին. Էրդողան
prev Նախորդ նորություն

Ինչպիսի՞ թվային փոխակերպում է անցելու Հայաստանը մինչեւ 2030 թ. քննարկում նախագահականում

Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի եւ դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:


Վարչապետի, «Թվային Հայաստան» հիմնադրամի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի եւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին Նախագահին ներկայացվել են թվային փոխակերպման հիմնական սկզբունքները եւ ռազմավարական շրջանակը, միջազգային հաջողված փորձը, թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ծրագրերը, փոխգործելիության հարթակի ստեղծման եւ ապահովման անհրաժեշտությունը, ժամանակակից աշխարհում գործող թվային համակարգով մատուցվող ծառայությունների արդյունավետությունը:


Զեկուցվել են նաեւ այն դրական արդյունքները, որոնց հասնում են երկրները թվային փոխակերպման արդյունքում` կառավարման արդյունավետության, ֆինանսավորման հասցեականության, ծառայությունների որակի, հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացում եւ ծախսերի ու ժամանակի խնայողություն:


«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել են նաեւ թվային փոխակերպման իրականացման փուլերը, ազդեցությունը երկրի տնտեսության, հանրային կառավարման ոլորտների եւ հասարակության վրա, 2018 թվականի առաջնահերթ ծրագրերը, ակնկալվող արդյունքներն ու Հայաստանի թվայնացման գործընթացին վերաբերող մի շարք այլ հարցեր:


Հանրապետության Նախագահը կարեւորել է այս գործընթացը եւ ընդգծել, որ անհրաժեշտ է մինչ այժմ իրականացված աշխատանքը, ներկայացված առաջարկներն ու գաղափարները ամփոփել եւ ունենալ իրատեսական ծրագիր՝ հստակ ժամկետներով, ֆինանսական հիմնավորումներով եւ պատասխանատուներով:


«Կարծում եմ, որ բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ կառավարման արդյունավետության եւ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, մեր գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը թվային տեխնոլոգիաների ներդրումն է: Մենք՝ որպես պետություն, մոտ քսան տարի է այս խնդիրների մասին խոսում ենք, դրանով զբաղվում ենք, բայց երբեք չենք ունեցել որոշակի ծրագիր, ուստի, չենք ունեցել նաեւ կոնկրետ կառույց, որը պետք է պատասխանատվություն կրի, համակարգի եւ աշխատանքներն առաջ տանի:


Կարծում եմ, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այս խնդիրները պետք է լուծի: Արդեն ունենք նախնական ծրագիր, ունենք գաղափարներ, եւ լավ կլինի, որ այդ գաղափարները հիմնավոր քննարկենք, ունենանք ծրագիր, որը իրատեսական կլինի իր ժամկետներով, ծախսերով եւ այլն, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո հավաքվենք եւ տեսնենք, թե ինչ ենք կարողացել անել: Վստահ եմ՝ ծախսերը, որ ուղղվել են դրանց իրականացմանը, ամբողջովին ծածկվելու են այն խնայողություններով, որ բերելու են այս ծառայությունները:


Անշուշտ, նաեւ ֆինանսավորման հասցեականությունն է բարձրանալու: Ընդհանրապես կյանքի որակի փոփոխման մեջ թվային համակարգերի ներդրումն էական դերակատարություն է ունենալու»,- ընդգծել է Հանրապետության նախագահը: