Թուրքիան կշարունակի գործողությունն Աֆրինում. Էրդողան
Թուրքիայի զինված ուժերն ու նրանց դաշնակից Սիրիայի ազատ բանակի ջոկատները կշարունակեն ռազմական գործողությունն Աֆրինում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքական զորքերն ու Սիրիայի ազատ բանակի ջոկատները կշարունակեն գործողությունն Աֆրինում՝ մաքրելով այն ականներից ու պայթուցիկներից, ինչպես նաև ապահովելով անվտանգությունն ու իրավիճակի կայունացումը քաղաքում», - ասել է Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Էրդողանը նաև քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն Աֆրինում գործողության վերաբերյալ: «Հիմա ԱՄՆ-ն ասում է, թե մտահոգված է Աֆրինի իրավիճակով: Ո՞ւր էիք, երբ մենք մեր մտավախություններն էինք հայտնում, երբ խնդրում էինք միասին պայքարել զինյալ ջոկատների դեմ»,-ասել է Էրդողանը՝ կոչ անելով ԱՄՆ-ին հարգել Թուրքիային, եթե Վաշինգտոնը «ռազմավարական դաշնակից է համարում» Անկարային: Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է ԱՄՆ-ին քրդերին զենք մատակարարելու համար:
ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ ասվում էր, որ ռազմական գործողություններն Աֆրինում «առավելապես ազդում են քաղաքի քուրդ բնակչության վրա, որը տարհանվել է Թուրքիայի զինված ուժերի և նրա կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերի հարձակմանը ենթարկվելու սպառնալիքի պատճառով»: