6.12.2024
Իրանի ԿԲ նախագահ. Թեհրանի համար հասանելի կդառնա 29 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Վրաստանը չեզոքացնում են արտաքին բացասական ազդակները. Դավիթ Տոնոյան

Տարածաշրջանային անվտանգության միջավայրի վերաբերյալ Հարավային Կովկասի երեք պետությունները տարակարծություններ եւ տարբեր պատկերացումներ ունեն: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում արտաքին գործոնները` միջազգային անվտանգության ապահովման գործում վճռորոշ դերակատարում ունեցող պետությունների հարաբերությունների սրումը, զգալի ազդեցություն են թողնում Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի վրա: Այդ մասին Մեդիամաքսի հետ զրույցում նշել է Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ըստ Տոնոյանի՝ դա բնական է, քանի որ անվտանգության տարածաշրջանային եւ միջազգային/համընդհանուր մակարդակներն անհնար է տարանջատել: «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի անվտանգության միջավայրին, ապա, իմ խորին համոզմամբ, դա առաջին հերթին հենց մեր երեք պետությունների խնդիրն է: Տարածաշրջանում կայուն անվտանգության միջավայրի ձեւավորումն ամբողջությամբ պայմանավորված չէ այն հանգամանքով, թե անվտանգության ինչպիսի համակարգերի են հարում մեր պետությունները: Դրա լավագույն օրինակը հայ-վրացական հարաբերություններն են: Չնայած մեր պետությունների` տարբեր անվտանգության համակարգերին անդամակցելու ձգտումներին, տարածաշրջանային անվտանգության հարցերում մենք գրեթե համակարծիք ենք», - ասել է նա:

Կայուն Վրաստանը եւ կայուն Հայաստանը, նշում է Տոնոյանը, հավասարապես կարեւոր են: «Վերջին տարիներին, անցկացնելով բազմաթիվ խորհրդակցություններ, մենք հանգամանորեն քննարկել են անվտանգության ոլորտի բոլոր հարցերը եւ հանգել ենք լիարժեք փոխվստահության, թափանցիկության եւ միմյանց տեսակետները հարգելու, փոխադարձաբար հաշվի առնելու մակարդակի: Ուստի առնվազն երկկողմ ձեւաչափում մենք կարողանում ենք չեզոքացնել արտաքին բացասական ազդակները: Ցավոք, նույնը չեմ կարող ասել Ադրբեջանի վերաբերյալ», - ասել է պաշտպանության փոխնախարարը:

Նրա խոսքով, անվտանգության ոլորտում Վրաստանը և Հայաստանը համագործակցում են ռազմական կրթության և միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելով:

Վերջին տարիներին, ըստ Տոնոյանի, ռազմական կրթության ոլորտում երկկողմ համագործակցությունն ակտիվացել է: Օրինակ, Վրաստանում, Սաչխերիի լեռնային պատրաստության կենտրոնում տարբեր վարժանքներ է անցնում ՀՀ ԶՈՒ ենթասպայական կազմը, իսկ Երեւանի ամերիկյան համալսարանում վերապատրաստում են Վրաստանի ԶՈՒ սպաները եւ քաղաքացիական ծառայողները:

Հայաստանը եւ Վրաստանը մասնակցում են միջազգային խաղաղապահ գործողություններին: «Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ ներգրավվածությանը, ապա երկու պետությունների կողմից տրամադրվող ուժերն էլ դեռեւս տեղակայվում են բազմազգ ստորաբաժանումների կազմում: Կարծում եմ, եթե առաջիկա տարիներին երկու պետություններից որեւէ մեկը արտերկրում ինքնաբավ ստորաբաժանումներ տեղակայելու կարողություններ ստեղծի եւ քաղաքական որոշում կայացնի, ապա մենք համատեղ խորհրդակցություններ կանցկացնենք տեղակայվող ստորաբաժանման կազմում մյուս պետության ԶՈՒ ներկայացուցիչներին ներգրավվելու ուղղությամբ», - տեղեկացրել է նա՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը և Վրաստանը փորձում են չեզոքացնել արտաքին բացասական ազդակները:

Վերջերս «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրին տված հարցազրույցում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ պատասխանելով Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մասին հարցին, ասել էր. «Մեր սահմանների մոտ ցանկացած ռուսական բազա վտանգ է պարունակում»:

ՀՀ պաշտպանության փոխնախարարի պատասխանը դիվանագիտական էր: «Թե հայկական եւ թե վրացական կողմը երկկողմ համագործակցության խնդիրների քննարկումը եւ համագործակցության զարգացումը չեն պայմանավորում երրորդ պետությունների հետ հարաբերություններով: Ես արդեն նշեցի, որ մեր պետությունների միջեւ գործում է փոխվստահության մթնոլորտ: Մենք երկուստեք հաստատել ենք, որ հարգում ենք միմյանց քաղաքական դիրքորոշումները եւ պաշտպանության ոլորտում երբեւիցե քայլեր չենք ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն մյուս կողմի շահերի դեմ», - պարզաբանել է փոխնախարարը:

Հենց այս տրամաբանությունն է, ըստ Տոնոյանի, ստեղծում այն փոխվստահության մթնոլորտը, որը հնարավորություն է տալիս չկաշկանդել Հայաստան-Վրաստան հարաբերությունները նմանօրինակ հարցերով: «Ընդհակառակը, հաշվի առնելով Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ Հայաստանի հարաբերությունները՝ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք փորձում ենք կամրջվել` առկա հակասությունները մեղմելու համար», - եզրափակել է նա: