Հունաստանը Թուրքիային մեղադրել է Կիպրոսի ինքնիշխան իրավունքները խախտելու մեջ
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝ խանգարելով հորատմանը Կիպրոսի՝ բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ):
Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում է իրականացնում ENI իտալական նավթընկերության համար, եւ նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ եւ աշխատանքն սկսել այնտեղ: Մինչ այդ ENI իտալական նավթընկերությունը ֆրասիական Total-ի հետ միասին հորատման աշխատանքներ էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում եւ փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում եւ նշել, որ Նիկոսիան մտադիր է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը:
Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական է որակել Թուրքիայի գործողությունները:
«Թուրքիան շարունակում է կասկածի տակ դնել միջազգային իրավունքը՝ կոպտորեն խախտելով Կիպրոսի Հանրապետության սուվերեն իրավունքներն Արեւելյան Միջերկրականում: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ ձեռնպահ մնալ հետագա անօրինական գործողություններից եւ կատարել միջազգային իրավունքի գծով իր պարտավորությունները»,-ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: