Մշակվել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկությունների մեծ փաթեթ. ՌԴ դեսպան
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Պատասխանելով հարցին՝ նշմարվում են արդյոք հակամարտության կարգավորման ուղիներ առաջիկայում եւ որոնք են դրանք, Վոլինկինը ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների երկրների ջանքերով, որոնց շարում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, մշակվել եւ կողմերին են ներկայացվել խնդրի կարգավորմանը վերաբերող առաջարկությունների բավականին մեծ «զամբյուղ»:
Բացի այդ, հիշեցրել է նա, ընդունվել են մի շարք հայտարարություններ շատ բարձր մակարդակում: «Ես կցանկանայի հատուկ նշել, որ բոլոր այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասել է դեսպանը:
2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում 2016 թ-ի մայիսին, Սանկտ-Պետերբուրգում՝ նույն տարվա հունիսին եւ Ժնեւում՝ 2017 թ-ի հոկտեմբերին: Կրակովում այս տարվա հունվարին նաեւ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նրա խոսքով, վերջին շրջանում շատ ջանքեր են ներդրվել հակամարտող կողմերի դիրքորոշումները համադրելու, համաընկնող մոտեցումներ ձեւավորելու համար: Ջանքեր են ուղղվել Երեւանին եւ Բաքվին փոխզիջումների մասին հուշելու հարցում: Սակայն հենց կողմերը պետք է գտնեն հակամարտության կարգավորման փոխընդունելի ալգորիթմը, հայտնել է դեսպանը:
«Այնպես, որ գործը մնացել է Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընեկրների հետ շարունակելու է ջանքեր գործադրել Անդրկովկասում կայունության ու հանգստության հաստատաման հարցում», - եզրափակել է նա: