Թուրքերի ավելի քան 62 տոկոսը հանդես Է գալիս Ռուսաստանի հետ մերձենալու օգտին
Թուրքիայի քաղաքացիների գրեթե 95 տոկոսն ամբողջովին կամ մասամբ իրենց համարում են ԱՄՆ-ի հակառակորդներ, միեւնույն ժամանակ ավելի քան 62 տոկոսը դրական է վերաբերվում Ռուսաստանի հետ մերձեցմանը: Այդ մասին վկայում են Optimar թուրքական հետազոտական ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք հրապարակել Է Anadolu գործակալությունը:
Հարցումը կազմակերպվել էր Թուրքիայի 26 նահանգներում: Դրան մասնակցել է 1508 մարդ:
Հարցին՝ «Դուք ձեզ համարում եք արդյոք ԱՄՆ-ի հակառակորդը», հարցվածների 71,9 տոկոսը դրական պատասխան է տվել, 22,7 տոկոսը՝ «մասամբ», 5,4 տոկոսը՝ բացասական: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 62,1 տոկոսը դրական երեւույթ է համարել Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը, 22,4 տոկոսը բացասաբար է վերաբերվում դրան, 15,5 տոկոսը որոշակի դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ:
Ինչպես նշել է Optimar-ի ղեկավար Հիլմի Դաշդեմիրը, ընկերությունը 2011 թվականից ուսումնասիրում է հասարակական կարծիքը Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին, ընդ որում՝ ԱՄՆ-ի գործողություններից դժգոհների թիվը Թուրքիայում վերջին ժամանակներս հասել է առավելագույն ցուցանիշին: