24.11.2024
Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 7-ին կժամանեն Հայաստան
prev Նախորդ նորություն

Թվային վերափոխումը կարճ ճանապարհն է դեպի արդյունավետ տնտեսությամբ երկիր. վարչապետ

Թվային վերափոխումը ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլև միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր, ու այստեղ մեզ համար այլընտրանքներ չկան: Այս մասին Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով Հայաստանի թվային օրակարգը:


«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում է: Վերջին տարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25 տոկոս աճ: Մենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները, բայց ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ», - նշել է Կարեն Կարապետյանը:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև կրթական ոլորտին՝ նշելով, որ Հայաստանի բոլոր, անգամ հեռավոր շրջանների դպրոցներում շախմատը որպես ուսումնական առարկա է դասավանդվում, ինչպես նաև ուսուցանվում են ռոբոտատեխնիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ, իսկ այս տարվանից՝ բիզնես և ֆինանսներ: Կարեն Կարապետյանը խոսել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ 2016 թվականին այն աշխարհի լավագույն նորարարական դպրոց է ճանաչվել, և ներկայում կենտրոնն ընդլայնվում է ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջերս Փարիզի քաղաքապետարանն է հայտարարել իրենց մոտ նման կենտրոն բացելու մասին:

Անդրադառնալով Հայաստանի թվային օրակարգին՝ վարչապետն ասել է, որ ներկայում թվային արագընթաց առաջխաղացումն իրականացվում է թվային փոխակերպման 6 հիմնական ուղղություններով՝

• թվային կառավարություն
• թվային հմտություններ
• ենթակառուցվածք
• կիբերանվտանգություն
• մասնավոր հատված
• ինստիտուցիոնալ հիմքեր:

«Ազգային թվային օրակարգի առաջխաղացման արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հիմնել է «Թվային Հայաստան» հիմնադրամը, մշակվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030 թթ.» զարգացման ծրագիրը: Թվային օրակարգի համաձայն՝ մինչև 2030 թ. «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100 տոկոսանոց ցուցանիշի և 80 տոկոսանոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Համաժողովին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ, ՏՏ ոլորտի միջազգային փորձագետներ ու մասնագետներ: