Ադրբեջանը՝ ավտորիտար, Հայաստան ու Վրաստանը «հիբրիդային» երկրների շարքում են. EIU ինդեքս
Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակել է 2017թ-ի ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին և ԶԼՄ-ների ազատությանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանն այս ինդեքսում ժողովրդավարության տեսանկյունից զբաղեցրել է 148-րդ տեղը և դասվել ավտորիտար երկրների շարքին, իսկ ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից 154-րդ տեղը` դասվելով անազատ երկրների շարքին:
Վերջին տարիներին ժողովրդավարության գլոբալ համատեքստը լրջորեն հետընթաց է ապրել, նշվում է «Economist Intelligence Unit»-ի հրապարակված Դեմոկրատիայի տարեկան ինդեքսում։ Հետազոտության առարկա դարձել են 165 անկախ պետություն ու 2 տարածք։ Վերջին տարում ամենավատ ցուցանիշն է գրանցվել 2010 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ 2016 թ.-ի հետ համեմատած ոչ մի տարածաշրջանում բարելավում չի նկատվում։ Աշխարհի բնակչության միայն 5%-ն է ապրում «լրիվ դեմոկրատիայի» միջավայրում։
«Լրիվ ժողովրդավար» պետությունների ցանկում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան եւ Դանիան։
Հայաստանն այս ցուցակում 111-րդն է, գտնվում է «հիբրիդային» երկրների շարքում։ ՀՀ-ի հետ նույն խմբում է նաեւ Վրաստանը (79-րդ տեղում է), իսկ Ադրբեջանն (148 տեղ) ու Ռուսաստանը (135 տեղ) համալրել են «ավտորիտար» երկրների շարքերը։