Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից
Վրաստանը 2018 թվականից այլևս չի ծրագրում գազ գնել ՌԴ-ից։ Բանն այն է, որ երկրի՝ վառելիքի այդ տեսակի ողջ պահանջը բավարարում է Ադրբեջանը։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Չիկովանին։
Վրացական ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունն ունակ չէ բնական գազ ձեռք բերել «Գազպրոմ» ընկերությունից այն բանից հետո, երբ անցած տարի Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են «մոնետիզացնել» վճարը դեպի Հայաստան վառելիքի տարանցման համար։ Պաշտոնյան այդ պնդումները հերքել է։
«Չի կարելի ասել, որ մեր գումարը չի բավականացնում ռուսական գազի գնման համար։ Ցանկացած դեպքում, դրամական փոխհատուցումը բավականին մեծ է»,-հայտարարել է փոխնախարարը։ Նա ընդգծել է, որ ներկայում Վրաստանին պարզապես հարկավոր չէ ռուսական գազ, քանի որ ադրբեջանականը լիովին բավարարում է։
Համաձայն «Գազպրոմի» և վրացական կառավարության միջև պայմանագրի՝ դեպի Հայաստան գազի տարանցման համար անցած տարի վճարվել է մասամբ գումարով և մասամբ հումքով։ 2018-ից վճարը կկատարվի միայն գումարով։