Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով:
Նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ անդրանիկ հանդիպումը տպավորիչ է որակել եւ շնորհակալություն հայտնել բաց ու անկեղծ երկխոսության, ինչպես նաեւ Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։
«Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով: Հենց այս հիմքով շարունակելու ենք ընդլայնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ու դրանց անբաժան մաս կազմող քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային և գիտակրթական ծավալուն կապերը, փոխադարձ աջակցությունը երկուստեք կարևոր և զգայուն հարցերում», - ասել է Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, «մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է»։ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: «Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ»,- վստահեցրել է նա:
Միեւնույն ժամանակ Սարգսյանն հիշեցրել է, որ գալիք հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17րդ գագաթնաժողովը. մի իրադարձություն, որը կարևոր տեղ ունի մեր երկկողմ օրակարգում։ «Մեզ համար Ֆրանկոֆոնիան միայն լեզվական ընդհանրությունների շուրջ ձևավորված կառուց չէ. առաջին հերթին այն առաջադեմ քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթնաժողովի հյուրընկալումը և ջանք չենք խնայելու դրա հաջողության համար։ Ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը վերահաստատեց իր մասնակցությունն այդ միջոցառմանը, ինչն առանցքային է գագաթնաժողովի հաջողության համար։ Եվ մենք պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը, իհարկե, նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այդ օժանդակության համար», - ասել է նա:
Մակրոնի հետ պայմանավորվել են ուշադրության կենտրոնում պահել երկկողմ տնտեսական կապերը։ «Եվրոպական մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում», - ասել է Սերժ Սարգսյանը։
Սրագսյանի խոսքով քննարկման կարեւոր թեմաներից է եղել 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար», - եզրափակել է նա: