ՀՀ-ԱՄՆ առևտրի ծավալներն աճել են 35 տոկոսով. Դեսպան Միլսը գոհ է երկկողմ հարաբերություններից
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը գոհացուցիչ է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին հայտարարել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված հայ-ամերիկյան գործընկերության եւ բարեկամության 25-րդ հոբելյանական տարվա եզրափակիչ միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում:
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են, եւ մենք սերտորեն համագործակցում ենք մի շարք ոլորտներում: Ինձ հատկապես գոհացնում են երկու երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները: Հենց վերջերս մենք տվյալներ ենք ունեցել առ այն, որ վերջին 12 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների հետ առեւտրի ծավալներն աճել են 35 տոկոսով: Առեւտուրը հնարավորություն է ստեղծում թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, ստեղծում է նաեւ աշխատատեղեր: Բացի այդ, վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից Հայաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են կես մլրդ դոլար, եւ ես հավատացած եմ, որ ներդրումներն աճելու են»,-ասել է Ռիչարդ Միլսը՝ ընդգծելով, որ հարաբերությունները միշտ կարելի է առավել ամրապնդել մի շարք ոլորտներում, օրինակ՝ ռազմական համագործակցության:
Անդրադառնալով Հայաստանում իր պաշտոնավարման ժամկետին՝ դեսպանն ասաց, որ դեռեւս վստահ չգիտի, թե մինչեւ երբ է պաշտոնավարելու որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան: «Բայց երբ ժամկետը լրանա, եւ ով էլ որ փոխարինի ինձ այդ պաշտոնում, նա կշարունակի աշխատանքներն այն ուղղություններով, որոնք ես գերակա եւ կարեւոր եմ համարում, մասնավորապես՝ ներդրումների եւ առեւտրի խորացումը երկու երկրների միջեւ, մարդու իրավունքների խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը, աշխատանքն այն մարդկանց հետ, ովքեր պայքարում են կոռուպցիայի դեմ, եւ այն աշխատանքները, որոնք միտված են երկու երկրների ժողովուրդների միջեւ կապերն ավելի սերտ դարձնելուն»,- եզրափակեց դեսպանը: